Ներդրող. Գեղարքունիքի մարզը դառնալու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը
«ACCESS-power» կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում ամենաուժեղ քամիները գրանցվում են Գեղարքունիքի մարզում:
«Մենք կարծում ենք, որ քամու էներգիան այստեղ մեծ ներուժ ունի: Դրա համար էլ մենք այլընտրանքային էներգիայի արտադրության ներդրումային ծրագիրը սկսելու ենք Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի թվով 7 համայնքներից»,-Գեղարքունիքի մարզպետի հետ հանդիպմանն ասել է «ACCESS-power» կազմակերպության ծրագրի զարգացման տնօրեն Բասմա Բենթահերը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նեդրող կողմը նշել է, որ Գեղարքունիքի մարզում քամու միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի մարզի թվով 5 համայնքների վարչական տարածքում: Այն կընթանա երեք փուլով: Առաջին փուլում կկառուցվի 80 մեգավատ, երկրորդ փուլում՝ 70, երրորդ փուլում 85 մեգավատ հզորության երեք կայան, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 235 մեգավատ: Ներդրող կողմի կարծիքով՝ առաջին հողմակայանը հոսանք կարտադրի 2019 թվականի կեսից, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի 2020 թվականի սկզբներից:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ այս պահին Գեղարքունիքի մարզում ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության հիմնավորման ուղղությամբ: Ներդրումներ են սպասվում ինչպես քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման, այնպես էլ ջերմոցային տնտեսությունների ստեղծման ուղղություններում:
«ACCESS-power» կազմակերպության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ Գեղարքունիքի մարզը դառնալու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը և ամենականաչ մարզը:
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սեղմ ժամկետներում մարզում ստեղծել կազմակերպության ներկայացուցչություն, որը կտա աշխատանքների մեկնարկը Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: