Ամերիկայի Հայկական Համագումարը Թրամփին կոչ է անում հաստատել Հայոց ցեղասպանության փաստը. The Hill
Վերջերս The Hill պարբերականում հրապարակված «Հայոց ցեղասպանություն. շարունակելով այն կետից, որտեղ Ռեյգանը կանգ առավ» խորագրով հոդվածում Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը և Համագումարի մշտական հոգաբարձու Նուբար Աֆեյանը կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին հաստատել Հայոց ցեղասպանությունը:
«Նախագահ Ռեյգանը գիտակցում էր անցյալը հիշելու կարևորությունը, անկախ նրանից, թե որքանով դա կարող է քաղաքականապես խնդրահարույց լինել: Նա այն 1981թ. հիշատակեց՝ հայտարարելով. Ինչպես դրան նախորդած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը – և ինչպես նման շատ ու շատ այլ հետապնդումներ շատ ու շատ այլ ժողովուրդների նկատմամբ – Հոլոքոստի դասերն երբեք չպետք է մոռացվեն¦: Նա հասկանում էր այս հարցի կենսունակությունը պահպանելու կարևորությունը, սակայն պատմության մեջ այլոք նախընտրել են հնարավորինս նվազեցնել վերջինիս կարևորությունը կամ օգտագործել այն հօգուտ սեփական խնդիրների լուծման», -Համագումարի փոխանցմամբ, գրել են Բարսամյանը և Աֆեյանը:
«Ոմանք նախագահ Թրամփին համեմատել են նախագահ Ռեյգանի հետ, հատկապես, երբ նա խախտում է «հին կարգերը»: Հանուն պատմության, այս ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին հուսանք Թրամփը կարող է շարունակել այն կետից, որտեղ Ռեյգանը կանգ առավ 36 տարի առաջ», -եզրափակել են նրանք:
Համագումարի հաղորդմամբ` անցյալ շաբաթ 84 կոնգրեսականների կողմից ստորագրված երկկուսակցական նամակ է ուղարկվել նախագահ Թրամփին՝ կոչ անելով հաստատել Հայոց ցեղասպանության փաստը: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) հեղինակել է նամակը՝ հորդորելով Սպիտակ տանը պատվել Միացյալ Նահանգների պատմական ղեկավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ և 1915թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն պատշաճ կերպով բնութագրելով այս տարվա ապրիլի 24-ի նախագահական հայտարարության մեջ:
Անցյալ շաբաթ Համագումարը Կոնգրեսում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կոնգրեսականների և սենատորների հետ: Բացի այդ, այս տարի տեղի է ունեցել Հայկական ազգային ինստիտուտի (ANI) Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը և գործակվեց ANI կայքի թուրքերեն տարբերակը, ինչպես նաև Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանի (AGMA) բջջային տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
- «Խոստումը» ֆիլմում կա սեր, կյանք, ճակատագիր, միաժամանակ՝ մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն. Սամվել Թոփալյան
- The Washington Post-ի անդրադարձը Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին
- «Խոստումը» ֆիլմը լինելու է նաև հայերեն կրկնօրինակմամբ
- ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ