PISA. Թուրք աշակերտները աշխարհում ամենադժբախտն են
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից անցկացվող «Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) շրջանակներում հրապարակվել է 3 զեկույց` որոնցում ներկայացվում է ուսումնասիրություն՝ աշխարհի տարբեր երկրներում աշակերտների կարգավիճակի վերաբերյալ :
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցին, գրում է, որ զեկույցների համաձայն` ամենադժբախտ ուսանողները ապրում են Թուրքիայում, իսկ ամենաերջանիկները` Մեքսիկայում, Ֆինլադիայում և Նիդերլանդներում: Ծրագրին մասնակցել է 72 երկրից շուրջ 540 հազար ուսանող:
Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են աշակերտների՝ դպրոցում արձանագրած ուսումնական հաջողությունները, ընկերների և ուսուցիչների հետ հարաբերությունները և թե ինչպես են նրանք իրենց ժամանակը անցկացնում դպրոցից դուրս, նաև ընտանիքում:
Ոսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Թուրքիան զբաղեցնում է վերջին տեղը «կյանքից գոհ» աշակերտների ցուցակում: Թուրքիան ստացել է ընդամենը 6.12 միավոր`10 հնարավորից:
Նշվում է նաև, որ Թուրքիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն է, որտեղ աշակերտները դաս սովորելու ժամանակ սթրես են ապրում (56 տոկոս):
Բացի դրանից Թուրքիայի դպրոցներում բարձր է նաև բռնության ցուցանիշը: Հարցված աշակերտների 18.6 տոկոսը ասել է, որ ամսվա մեջ մի քանի անգամ բռնության է ենթարկվում: