Խարբերդի մանկատան երեխաներն այսուհետ կունենան խմբակային հիպոթերապիայի դասընթացներ
Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակն ավարտել է ևս մեկ ծրագիր։ Այսօր Խարբերդի մանկատանը տեղի է ունեցել «Հիպոթերապիա» ծրագրի համար նախատեսված հատուկ կառքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը մեծ ուրախություն էր հատկապես մանկատան երեխաների համար։ Այս մասին հայտնում են ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակից:
Խոսելով հիպոթերապիայի մասին՝ Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը ֆիզիկական շփումից բացի կարևորել է նաև հոգեբանական և սոցիալական ազդեցությունը խմբակային հիպոթերապիայի ժամանակ։
Արդեն մեկ շաբաթ է՝ Շվեյցարիայից ու Հոլանդիայից ժամանած հիպոթերապիայի մասնագետներն իրենց հմտություններն ու գիտելիքներն են փոխանցում մանկատան մասնագետներին։ «Ուրախ ենք տեսնել, թե ինչպիսի դրական փոփոխություններ են տեղի ունեցել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Հիպոթերապիայի մեջ կարևոր է երեխայի ու ձիու միջև կապը, հետևաբար աշխատում ենք հավասարակշության ու ներդաշնակության վրա, - նշել է Քիրսթեն Ուրսեմը՝ հավելելով: - Կառքն, իսկապես, հիանալի նվեր է մանկատան երեխաների համար, քանի որ այժմ նրանք միասին կկարողանան վայելել հիպոթերապիայի դասընթացները։ Սա մեզ հնարավորություն կտա կենտրոնացնելու մեր ուժերը երեխայի էմոցիոնալ և սոցիալական զարգացման վրա»։
Հիպոթերապիան ֆիզիկական, պրոֆեսիոնալ կամ խոսքի և լեզվի թերապիայի տեսակ է, որն օգտագործում է ձիու շարժումները։ Հիպոթերապիա - հունարեն` «հիպո»՝ ձի, բառացիորեն նշանակում է «բուժում ձիու օգնությամբ»։
Ներկայում Խարբերդի մանկատանն ապրում է գրեթե 150 երեխա, որոնք ունեն բազմաթիվ ֆիզիկական և մտավոր խնդիրներ՝ ուղեղային կաթված, աուտիզմ և դաունի համախտանիշ։
Մանկատունը ունի 5 ձի, որոնք հատուկ վարժեցված են հիպոթերապիայի դասընթացի համար, որոնց ժամանակ երեխաները անմիջականորեն շփվում են կենդանու հետ։ Կառքի շնորհիվ դասընթացները կանցկացվեն ոչ թե անհատական այլ խմբակային սկզբունքով, ինչը կխթանի երեխաների առողջ հաղորդակցությանը հենց թերապիայի ժամանակ` ստեղծելով ավելի ընկերական մթնոլորտ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում