«Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հայտնաբերվել են նոր քարեր
«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող դամբարաններից մեկի հարավային պատաշարին օրերս հայտնաբերվել են 60 սմ-ից մինչև մեկ մետր բարձրությամբ անցքերով երեք քարեր։ Այս մասին տեղեկանում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի խոսքով, գտածոն կարևոր նշանակություն ունի հնավայրի հետագա ուսումնասիրության համար:
«Նմանատիպ քարեր կան դամբարանի երկու ծածկերի վրա, բայց պատերի վրա հայտնաբերվածը առաջին դեպքն է», – ասել է Աշոտ Ավագյանը` պատճառաբանելով, որ խոտածածկը թույլ չի տվել մինչ օրս նկատել դրանք:
Արգելոցի վարիչի խոսքով, դա ևս մեկ ապացույց է, որ «Զորաց քարերն» աստղադիտարան չի եղել, քարերն այնտեղ են բերվել շինարարական նպատակներով, անցքերն էլ արվել են դրանց տեղաշարժի համար:
Ա. Ավագյանի փոխանցմամբ, հուլիսին հնագիտական արշավախումբը նախատեսում է վերսկսել պեղումները կենտրոնական դամբարանի և մի շարք այլ հատվածներում:
(Լուսանկարներ՝ ՊՈԱԿ-ի կայքից)
«Զորաց քարեր» հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր:
Հուշարձանը մասամբ է հետազոտված: Հուշարձանի և հարակից տարածքի նախնական ուսոումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել, որ Զորաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIV դդ.: Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ պահպանված այդ գտածոների, ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին:
«Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիի 2016 թ. պեղումների ժամանակ գտնվել են մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքերի և աշխատանքային գործիքների մնացորդներ, 11-13-րդ դարերով թվագրվող ապակե ապարանջան, իսկ կենտրոնական դամբանախցից` չորս ծածկասալեր, դրանց մի մասը դարձյալ անցքերով: