Հայաստանում նվագելիս շատ էներգիա եմ ծախսում. Տիգրան Համասյան
Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության ընթացքում աշխարհի տարբեր երկրներում արդեն 27 համերգով հանդես է եկել: Հաջորդ երկու համերգը կայանալու է Հայաստանում՝ մայիսի 7-ին և 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Այս ալբոմի շնորհանդեսը կայացել է մարտի 31-ին, սոլո ալբոմ է, կազմված է վերջին չորս տարիների իմ ստեղծագործությունններից, հիմնականում նոր երգեր են: Ալբոմում ներառված է նաև երկու գործ, որոնք հիմնված են հայկական մեղեդիների վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Համասյանը:
Նրա խոսքով, «Էտյուդ N մեկ» ստեղծագործությունը հայկական ժողովրդական երգի մշակում է, երկրորդ ստեղծագործությունը հիմնված է հայկական ժողովրդական երկու մեղեդիների վրա, նվիրված է Եղիշե Չարենցին:
Տ. Համասյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է անել էտյուդների շարք, որում ընդգրկված ստեղծագործությունները հիմնված կլինեն ժողովրդական պարզ մեղեդիների վրա, բայց կլինեն բարդ, ռիթմիկ էտյուդներ:
«Այդ շարքի առաջին էտյուդը փաստորեն ներառվեց այս ալբոմի մեջ»,- նշեց երաժիշտը:
Տ. Համասյանն ասաց, որ Հայաստանում նվագելիս շատ էներգիա է ծախսում. «Ոչ մի համերգի այդքան էներգիա չի գնում: Պատասխանատվությունն շատ մեծ է լինում: Նաև անհամբերությամբ եմ սպասում հայաստանյան համերգներին: Հենց մի նոր ստեղծագործություն եմ գրում, պատկերացնում եմ, թե երբ է գալու այն օրը, որ մերոնք լսեն»:
«An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայությունը կշարունակվեն մինչև 2018 թվականի վերջ:
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները