Իրանում ամեն բան վճռվելու է հենց ընտրության օրը՝ քվեատուփերի կողքին. Վարդան Ոսկանյան
Դատելով Իրանում ծավալված նախընտրական քարոզչությունից՝ ակնհայտ է, որ գործ ունենք երկու ճամբարների պայքարի հետ՝ բարեփոխիչների առաջնորդ, գործող նախագահ Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռաիսիի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հիմնական պայքարը ծավալվելու է այս երկու թեկնածուների միջև: Ընդ որում, այս փուլում բավական բարդ է կանխատեսել ֆավորիտներից որևէ մեկի հաղթանակը, որովհետև սոցհարցումների արդյունքում նրանց հնարավորությունները գրեթե հավասար են: Բայց իրանցի ընտրողը չափազանց անկանխատեսելի է և հաճախ է փոխում իր որոշումները: Այնպես որ, ամեն ինչ վճռվելու է հենց ընտրության օրը՝ քվեատուփերի կողքին»,- ասաց բանախոսը:
Վարդան Ոսկանյանի խոսքով, հաշվի առնելով նախագահի թեկնածուների միջև մինչ այժմ ծավալված բանավեճերը, կարելի է հասկանալ, որ հարևան երկրում բավական ուսանելի բանավեճային մշակույթ է ձևավորվել: Խոսքը վերաբերում է ինչպես թեկնածուների բազմազանությանը (սկզբում նրանք 6-ն էին՝ խմբ.), թե քաղաքական տեխնոլոգիաների կիրառման առումով:
«Եթե Իրանի նախագահի թեկնածուներին դիտելու լինենք ՀՀ շահերի տեսանկյունից, ապա արտաքին քաղաքական ուղեգիծը վճռում է ոչ թե նախագահը, այլ գերագույն հոգևոր առաջնորդը՝ այս պահի դրությամբ Ալի Խամենեին: Ամեն դեպքում, Իրանն ու Հայաստանը միմյանց համար ապահովում են զգալի այլընտրանք: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա նա ազատ է իր կամարտահայտության հարցում: Այդուհանդերձ, շատերի համակրանքը գործող նախագահի կողմն է, բայց կան նաև մարդիկ, ովքեր պաշտպանում են Ռաիսիին»,- ամփոփեց իրանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավորը նախագահական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
- Իրան-Հայաստան հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ. իրանագետ
- Իրանի նախագահի առաջին տեղակալը հօգուտ Հասան Ռոհանիի՝ հրաժարվել է ընտրապայքարից
- Դժվար է ասել, թե Իրանի նախագահի թեկնածուներից որն է Հայաստանի համար ավելի ընդունելի. իրանագետ
- Իրանագետ. ԻԻՀ հոգևոր առաջնորդը Հասան Ռուհանիին տվել է վերընտրվելու լավ հնարավորություն