ՏԻՄ ընտրությունների առաջադրումների ժամկետը լրացավ
Հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի 10 համայնքներում:
Համայնքների 8-ում կայանալու են համայնքի ղեկավարի և 2-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Այսօր ժամը 18:00-ին ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը: Ընդհանուր առմամբ, գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է 20 թեկնածու, որոնցից երկուսը կանայք են:
Կանայք առաջադրվել են Կոտայքի մարզի Պռոշյան ու Շիրակի մարզի Բայանդուր համայնքներում: Նրանք անկուսակցական են, ինքնառաջադրված:
Անի Գրիգորյանը Բայանդուրի համայնքապետարանում որպես օպերատոր է աշխատում, նրա միակ մրցակիցը գործող գյուղապետն է: Ակնկալվում է, որ նա օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ կներկայացնի:
Պռոշյանում պայքարն ավելի թեժ է լինելու, առաջադրված թեկնածուները երեքն են՝ գործող գյուղապետը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը (ենթադրվում է, նա էլ ինքնաբացարկ կհայտնի) և անկուսակցական Արմենուհի Մելիքյանը:
Թեժ պայքար է սպասվում նաև Նոր Հաճըն գյուղում: Այստեղ համայնքապետի պաշտոնի համար մտադիր է պայքարել չորս անկուսակցական գործիչ: Մաթևոսյան Գագիկը գործող գյուղապետն է, Հայ Կիրակոսյանը՝ «Ագրո Հայկ» ՍՊԸ-ի տնօրենն է, Հովհաննես Ադամյանը՝ գյուղի մշակույթի տան պատասխանատուն: Ինքնաառաջադրված է նաև Արմեն Քեշիշյանը:
Համայնքների մեծ մասում առաջադրված գործող գյուղապետերին սատարում է ՀՀԿ-ն:
Թեկնածուների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 24-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 31-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին