Քաղաքապետ. «Պարոն Արեյանը մեղավոր չէ»
Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Կամո Արեյանը:
Նախքան քվեարկությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ Կամո Արեյանին բոլորը ճանաչում են, իր փորձը Երևան քաղաքում, պետական կառավարման, ինքնակառավարման գործում մեծ է եղել, առաջարկում է ավագանու անդամներին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում քվեարկել Կամո Արեյանի թեկնածությանը:
Նշենք, որ նիստին մասնակցում են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներից մեկը հարց ուղղեց Տարոն Մարգարյանին. «Կամո Արեյանը 1997 թվականից ակտիվորեն մասնակցել է Երևանի կառավարմանը, մասնակից է եղել քաղաքի հատակագծի փոփոխմանը, կանաչապատ տարածքների պակասելուն, արդյո՞ք արդյունավետ կլինի, որ նա շարունակի լինել Երևանի փոխքաղաքապետ»:
Երևանի քաղաքապետն ասաց, որ արդյունավետ կլինի՝ գնահատելով նրա փորձը, անցած ճանապարհը, աշխատանքին նվիրվածությունը. «ՀՀԿ թիմը համարում է, որ, այո, արդյունավետ կլինի»:
Ինչ վերաբերում է կանաչ տարածքները պակասելուն, Տարոն Մարգարյանն ասաց, որ պարոն Արեյանը մեղավոր չէ:
«Բոլորս միասին պետք է կանաչ տարածքներն ավելացնենք: Յոթ-ութ տարիներին ամեն ինչ արել ենք կանաչ տարածքների ավելացման համար»,- նշեց Երևանի քաղաքապետը:
Նա նաև ասաց, որ այդ պաշտոնում այլ թեկնածուներ չեն դիտարկվել:
«Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Կամո Արեյանի թեկնածությանը, քանի որ երևանցիների խնդիրները մնալու են նույնը, առաջարկեցին նոր թեկնածու առաջադրել, ով կարող է իր նպաստը բերել Երևանի զարգացմանը:
Կամո Արեյանի՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 12:
Ինչ վերաբերում է մեղավոր չլինելուն՝ հիշեցնենք Մաշտոցի «բուտիկների» ապամոտաժման քաշքշուկը, երբ քաղաքապետարանը ամիսներ հայտարարում էր, որ բյուջեում չունեն գումարներ «բուտիկների» տերերին փոխհատուցելու,... մինչև հիշարժան «սիրուն չի, Տարոն» հրահանգը:
Ինչին հաջորդեց Կամո Արեյանի նույնքան հիշարժան ասուլիսը, որի ժամանակ նա ապշեցուցիչ հայտարարություն արեց:
Հարցին, թե չեն փոխհատուցելու կրպակատերին, Կ.Արեյանը նշեց. «Ինչ փոխհատուցում, ինչ կրպակատեր: «Կենտրոն կանաչապատումն» է տեղադրել , ինքն էլ ապամոնտաժում է, ոչ մի փոխահատուցման խնդիր այստեղ չկա»:
Այն դիտարկմանը, թե «Կենտրոն կանաչապատմա՞նն» էր այդ կրպակները, բուտիկները նա ժպիտով պատասխանեց. «Այո»:
Այնպես որ՝ այո, այն «օրենքներով», որոնցով առաջնորդվում է քաղաքապետարանը՝ Կամո Արեյանը մեղք չունի:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետի տեղակալները չեն փոխվի
- Երևանում ավտոտնակների, կրպակների և այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների. Օմբուդսմեն
- Հենրիկ Նավասարդյանը կրպակի հետևից տրանսպորտի աշխատանքին է հետևել
- Կրկին կրպակներ` քաղաքապետարանի «կողմից»
- Ում ինչ է առաջարկվել ապամոնտաժված կրպակների դիմաց
- «Ի՞նչ փոխհատուցում, ի՞նչ կրպակատեր: Բուտիկները «Կենտրոն կանաչապատմանն» էր». Կամո Արեյան
- Կ.Արեյան. Շինանյութը կվերադարձվի սեփականատերերին, կրպակները որևէ այլ տեղ չեն լինի (տեսանյութ)