Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 16-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաև ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման աշխատանքների ընթացքը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամվբ՝ փորձագետները, դրական գնահատելով «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, մասնավորապես անդրադարձել են օրենքի նախագծում տեղ գտած առավել առանցքային խնդիրներին և նշել, որ որոշ դրույթներ հստակեցման և կատարելագործման անհրաժեշտություն ունեն:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ կարծիքում տեղ գտած առաջարկությունների ճնշող մեծամասնությունը կիրացվի օրենքի նախագծի մեջ: Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել կարծիքը:
Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների լույսի ներքո ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքների հետագա զարգացումները և նշել, որ ընտրություններն առավելապես անցկացվել են անձի հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանմամբ, ինչն արձանագրվել է միջազգային դիտորդների կողմից:
Վենետիկի հանձնաժողովը որոշել է լիազորել փորձագետներին նախքան հոկտեմբերյան նստաշրջանում օրենսգրքի վերաբերյալ կարծիքի հաստատումը, դրա նախագիծը տրամադրել հայաստանյան կողմին: