Սահմանամերձ համայնքներն ապահովված կլինեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները: ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնում արդեն ստեղծվել են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատների թվով տասը հենակետեր:
Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում:
ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելության կարևորությունը՝ նախարարը հատկապես շեշտադրել է ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար:
Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացել է ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ: Մովսես և Ոսկեվան համայնքներում ՀՀ ԱԻ նախարարը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև հենակետերի շինարական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրեց համայնքի ղեկավարների, ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների, կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների:
Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս տասը հենակետեր բացել Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ