Միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք՝ վրացական կողմի դիտորդական ներգրավմամբ
ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը և ՀՀ ԱԻ նախարարությունը Գոգավան սահմանային անցակետում անցկացրել են համատեղ ուսումնական վարժանք՝ «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով:
Նախարար Դ. Տոնոյանը՝ Վրաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին հետևել է պայմանական միգրանտների հաշվառման և տեղավորման գործընթացին, ծանոթացավ ճամբարի տեխնիկական հագեցվածությանը և կենսապահովման պայմաններին:
«Նմանատիպ վարժանքներն անհրաժեշտ է անցկացնել իրական իրավիճակին հնարավորինս մոտեցված տարբերակով, որպեսզի կարողանանք վեր հանել առկա թերությունները և շտկել դրանք», - շեշտել է ԱԻ նախարարը:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սա միջազգային հովանու ներքո իրականացվող առաջին վարժանքն է միգրացիոն թեմաներով, որում որպես դիտորդ ներգրավված է նաև վրացական կողմը և որն իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության ընդլայնման ծրագրի շրջանակում:
Վարժանքին ներգրավված են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ ԿԱԱԱԾ և ՀՀԿԱ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
Համաձայն վարժանքի պլանի՝ այլ երկրներում տեղի ունեցող պայմանական ճգնաժամի հետևանքով հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում է ՀՀ պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվի աճ: Մասնավորապես՝ Բավրայի, Գոգավանի և Բագրատաշենի անցակետից հաղորդվում է դեպի Հայաստան մուտք հայցողների աճող թվաքանակի մասին: Հորինված սահմանամերձ երկրի տարածքներում նկատվում են միգրանտների ճամբարային խմբեր:
Գոգավանի սահմանային անցակետում գրանցվում է միգրանտների քանակի ամենամեծ աճը: Որոշում է կայացվում կազմակերպել ժամանակավոր տարանցման ճամբար: Վարժանքի ղեկավարը խնդիր է դնում մասնակիցներին՝ սահմանված կարգով իրականացնել միգրանտների սահմանային հատման ընթացակարգերը և իրականացնել միգրացիոն հոսքերի կառավարում:
Գոգավանի սահմանային անցակետից 4 կմ հեռավորության վրա ծավալվում է միգրացիոն ճամբար, որտեղ տեղակայվում են ժամանած միգրանտները: Ճամբարի տարածքում ՀՀ ԱԻՆ, ոստիկանության և ԱԱԾ կողմից իրականցվում է շուրջօրյա հերթափոխ: Բացվում է ճամբարի կառավարման տեղամաս, որտեղ ներգրավվում են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ճամբարի տարածքում գործում են նաև բժշկական, ինֆեկցիոն կետեր, ճաշարան, պահեստ, ինչպես նաև՝ դաշտային բաղնիք, միգրանտներին տրամադրվում են կենսաապահովման համար անհրաժեշտ իրեր, նրանք ապահովվում են սննդով և խմելու ջրով: