Հենց 2 տարեկանից պետք է կանխել երեխայի մոտ համակարգչից կախածությունը
«Եթե մարդը համակարգչի դիմաց անց է կացնում 5-7 ժամ, այդ դեպքում արդեն կարող ենք խոսել համակարգչից կախվածության մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Քրիստինա Հարությունյանը՝ նշելով, որ դրա պատճառները կարող են լինել բազմաթիվ։
Նրա խոսքով՝ պատճառ կարող են դառնալ մանկական տրավմաները, ընտանեկան կոնֆլիկտները, իսկ համակարգչի դիմաց ժամանակ անցկացնելը խնդիրներից փախուստի միջոց է դառնում շատերի համար։
«Հայ ծնողներն ուրախանում են, երբ 2 տարեկան երեխան ինչ-որ չափով կարողանում է օգտվել համակարգչից կամ նման սարքերից: Այն դեպքում, երբ հենց այս տարիքից պետք է կանխել, սակայն ծնողները զբաղված են, երեխային տալիս են հեռախոսներ, պլանշետներ, որպեսզի իրենց չխանգարեն, սա կարող է կախվածություն առաջացնել»,-ասաց հոգեբանը։
Նա նշեց, որ հիմնականում կախվածությունը լինում է դեռահասության շրջանում, դա ինտերնետային խաղերն են, որոնք երեխայի մոտ առաջացնում են ագրեսիա. «Երեխայի կյանքում բացակայում է վառ, գունավոր շրջանը և նա համակարգչային խաղերով է լրացնում այն։ Սա կանխարգելելու համար լավ միջոց է օրվա ծրագիրը պլանավորելը: Սա չի նշանակում, որ չպետք է ընդհանրապես օգտվել համակարգչից, պետք է օգտվեն ստույգ ժամանակով՝ 15-20 րոպեով»։