Առաջին անգամ նշվելու է «Ախալքալաքի օրը»
Ախալքալաքի օրվան նվիրված տոնակատարությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: «Jnews»-ի փոխանցմամբ, Ախալքալաքի շրջանը 4 միջոցառումների կազմակերպման համար 11 862 լարի գումարի չափով տենդեր-մրցույթ է հայտարարել: Տենդեր-մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ ընկերություն՝ ՍՊԸ «Սամասվալի-1»-ը, որն էլ հաղթել է այն 11 577 լարիով:
Այս գումարի մեջ մտնում է «Ջիվանոբա», «Ախալքալաքի օր» տոների ծախսերը, ինչպես նաև Սուլդա գյուղում աշուղ Թիֆիլի պատվին և Վարևան գյուղի հերոսներին նվիրված միջոցառման ծախսերը:
«Ջիվանոբա» տոնը տեղի կունենա օգոստոսի 27-ին, իսկ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է նշել Ախալքալաքի տոնը, սակայն ճշգրիտ ամսաթիվը մրցութային փաստաթղթերում չի նշված: Տեղական իշխանությունները քաղաքի տոնը նախատեսում են անցկացնել Ախալքալաքի բերդում:
«Ախալքալաքի օրվա» ծախսերից մրցութային փաստաթղթերում նշվում է, որ անհրաժեշտ է պատրաստել 100 հրավիրատոմս, 10մ.1մ-ի չափով 3 պաստառ, գնել 3 հրավառություն, ինչպես նաև կազմակերպել ճաշկերույթ 177 հյուրերի համար: