Սարդարապատ գյուղում միրգը ծառերի վրա չորանում է
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Դավիթ Հովհաննիսյանի աչքի առաջ ապրուստը չորանում է, ոչնչանում: Ծառերի վրա թոռոմել են դեղձն ու սալորը: Վերջին անգամ մեկ հեկտարից ավելի այգին ջրել է մոտ 40 օր առաջ:
«Մեկը խաղողի այգին չի ջրել, մեկը բիբարը չի ջրել, չորանում է, ծառերի վրա դեղձը պուճուր մնացել է, չի մեծանում, թոռոմել է: Դաշտի մեջ աշուն է արդեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց արմավիրցի հողագործը:
Գյուղացին հասկանում է, շոգ ու սակավաջուր տարի է, Ախուրյանի ջրամբարում ջուր չկա, բայց գյուղում արտեզյան հորեր կան, որոնք կարելի է շահագործել: Գյուղացիների մի մասի հողերը կարողացել են դրանց օգնությամբ ոռոգել:
«Իմ հողը կարելի է ոռոգել արտեզյան երկու հորերի միջոցով: Բայց հոսանքի խնդիր կա: Նախանցած տարի էլ խնդիր եղավ, ՄԱՊ գործարանի տնօրեն Ալիկ Պետրոսյանը թույլ տվեց գործարանի հոսանքն օգտագործել, այս տարի չի թողնում, թանկ սարքավորումներ է բերել, որոնք հոսանքի տատանումից կարող են փչանալ»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Այսօր մոտ երկու տասնյակ գյուղացիներ հավաքվել են դաշտերում, բողոքի ակցիա արել: Վաղը նախատեսում են ավելի շատով հավաքվել:
«Էսօր մի քսան հոգի էինք: Լիքը մարդ կար, որ չգիտեր ակցիայի մասին՝ մեկը շուկա էր գնացել, մեկն՝ իր խնդիրներով: Որոշեցինք վաղը առավոտ էլ հավաքվենք: Ճիշտ է, ապրանքը քաղել եմ, որ շուկա գնայի, բայց չեմ գնալու, պատրաստվենք, տեսնենք, ինչ են ասում»,-անելիքները ներկայացնում է Դավիթ Հովհաննիսյանը:
Գյուղացիները փորձել են խնդիրը ներկայացնել Աշոտ Ղահրամանյանին, սակայն մարզի ղեկավարն իրենց չի ընդունել: Գյուղապետ Բաբկեն Վարդանյանն էլ, գյուղացու խոսքով, ասել է՝ ոչինչ անել չի կարող, հնարավորություն չունի:
«Մի 5-6 հատ ստոլբա պետք է դնեն, հոսանք բերեն: Ցանկության դեպքում մեկ օրվա գործ է»,-ասաց հողագործը:
Գյուղապետ Բաբկեն Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սակավաջուր տարի է, ջուրը տալիս են գրաֆիկով՝ երեք կամ չորս օրը մեկ:
«Իրոք, կա լարվածություն, բայց մեր գյուղում համարյա հարթեցրել ենք, 14 խորքային հոր ենք աշխատեցնում: Վերջինն էլ երեկ ենք աշխատացրել»,-ասաց գյուղապետը:
Նա գոհ է ոռոգման ջրից, ասում է՝ ինքն էլ առավույտի դաշտ ունի, 25 օր առաջ է ջրել:
Բ. Վարդանյանը ոռոգման մասին խոսելիս առաջնորդվում է գյուղատնտեսության վերաբերյալ տեսական գիտելիքներով, ասում է, խաղողի այգին կարելի է ջրել մինչև մեկ ամիս հետո:
Հիշեցնենք, որ այս տարվա նորմայից բարձր ջերմաստիճանի ու շոգի հետևանքով նույնիսկ ջրամբարն է ցամաքել, շոգի պատճառով էր, որ Սևանից լրացուցիչ ջրառ կատարեցին, կամ գոնե այդպես էին հայտարարում:
«Մեր գյուղում չորացած տարածքներ չկան, որ ամբողջությամբ վնաս են կրել»,-ասաց գյուղապետը:
Ի պատասխան Դավիթ Հովհաննիսյանը չորացող ծառերի լուսանկարներ է տրամադրում խմբագրությանը:
Գյուղում 1000-1100 հա մշակովի հողատարածք կա: Հիմնականում խաղողի այգիներ են, ծառապտուղներ, բոստանային, հացահատիկային կուլտուրաներ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ին, որ գյուղացու կողմից նշված պոմպերը համայնքային սեփականություն են.
«Դրանք համայնքը պատրաստակամ է հանձնել ԱՐՄԱՎԻՐ ՋՕԸ-ին՝ շահագործման, բայց քանի որ հոսանքի խնդիրը դեռ լուծված չէ, ՋՕԸ-ն չի վերցրել այդ երկու պոմպերի շահագործումն իր վրա»:
Իսկ ընդհանրապես, Ս. Մարտիրոսյանի փոխանցմամբ, այդ տարածաշրջանում 14 խորքային հորեր, որոնք բոլորն էլ այս տարի գործարկվել են՝ աննախադեպ չորային, շոգ եղանակային պայմանների և սակավաջրության հետևանքները մեղմելու համար:
« Սարդարապատում կան հողատարածքներ, սակայն, որոնք խորքային հորերից հեռու են գտնվում, և ոռոգվում են բացառապես ինքնահոս եղանակով՝ Ախուրյանի ջրամբարից: Ինչպես մեր նախորդ հաղորդագրության մեջ նշել էին, սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է Ախուրյան գետից ջրառը, որը կվերականգնվի արդեն վաղը»,-ասաց կոմիտեի խոսնակը: