Լավաշ, մածուն, հովիվներ ու մի օրում 4 եղանակ. Բրիտանացին հիացած է Հայաստանով
21-ամյա բրիտանացի Վալ Իսմայիլին, ով սովորում եմ Անգլիայի Բրիստոլի համալսարանում՝ քաղաքացիական ինժեներիա, սիրում է արշավների գնալ: Նա ճամփորդել է ամբողջ Անգլիայով, Շոտլանդիայով, Ուելսով, Ալբանիայով, նաև Կոսովոյով ու Խորվաթիայով: Այժմ նա Հայաստանում է, բարձրացել է Արագած լեռը, Հայաստանով հասել Վրաստան՝ ոտքով:
«Հայաստանով դեպի Վրաստան՝ Տրանսկովկասյան արահետով կատարած իմ ճամփորդությունը մինչև այդ կատարածներից ամենահաճելին է: Պատճառը ոչ միայն Հայաստանի բնության բազմազանությունն է, այլ նաև հայերի ընկերասիրությունը և հյուրընկալությունը: Ես մինչ այս նման բան չեմ տեսել»,- Panorama.m-ի հետ զրույցում ասաց Վ. Իսմայիլին:
Անգլիացի արշավորդը քայլելով անցել է ամբողջ Հայաստանը. «Ես սկսել եմ Մեղրիից, այնուհետև անցել եմ Շիկահողով դեպի Կապան և բարձրացել Խուստուփ լեռը: Շարունակել եմ քայլելով անցնել Տաթևը, հետո Սիսիանը, հաղթահարել եմ Վայոց ձորի լեռները ու հասել Արտավան, այնուհետև Նորավանք: Գեղամա լեռներով անցնելով՝ հասել եմ Դիլիջան: Այս ճամփորդությունը տևել է 4 շաբաթ: Ես ամբողջը ոտքով եմ անցել, չեմ օգտվել տրանսպորտից:
Այնուհետև քայլել եմ «Դիլիջան» ազգային պարկի լեռների միջով և հասել Ալավերդի, ապա Վրաստան: Շարունակել եմ մինչև Բաթումի տանող ճանապարհը ոտքով անցնել: Ես առաջին մարդն եմ, ով 1500 կիլոմետր երկարություն ունեցող Տրանսկովկասյան արահետն անցել եմ ոտքով»:
Հարցին, թե Հայաստանի հարավից մինչև Բաթումի քայլելով քանի ժամում եք հասել, ճանապարհին ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել, նա պատասխանեց. «Ինձանից 8 շաբաթ պահանջվեց Մեղրիից մինչև Բաթումի՝ 1500 կիլոմետր երկարությամբ ճանապարհը հատելու համար: Օրական մոտ 30 կիլոմետր ճանապարհ էի անցնում:
Ֆիզիկական հոգնածության հետ մեկտեղ շատ ավելի դժվար էր այդքան երկար ժամանակ մենակ մնալը: Սկսում ես շատ միայնակ զգալ, սակայն այդ ամենն անցնում է: Ես կանգ էի առնում փոքր գյուղերում և հովիվների հետ մնացի լեռներում, թեև բավականաչափ չեմ տիրապետում հայերենին լավ զրույց վարելու համար»:
«Երբ ավարտեցի իմ արշավը և հասա Սև ծով՝ Բաթումի. 1500 կմ և 8 շաբաթ ճանապարհորդություն»
Նա 9 ժամում հաղթահարել է Արագածի 4 գագաթը: Պատմում է. «Սկսել եմ Քարի լճից, քայլելով հասել հյուսիսային կողմը՝ արևելյան և հյուսիսային գագաթները բարձրանալու համար: Հետո վերադարձել եմ հարավային կողմ՝ արևմտյան և հարավային գագաթները հաղթահարելու համար: Վերջում վերադարձել եմ Քարի լիճ: Ես քայլել եմ միայն 7 ժամ, մնացած 2 ժամվա ընթացում գագաթներին հանգստացել եմ և վայելել հրաշալի տեսարանը:
Արագածը չափազանց գեղեցիկ լեռ է: Երբ գտնվում էի հյուսիսային և արևելյան գագաթներին, երկինքը շատ պարզ էր և կարողացա տեսնել Հայաստանի մեծ մասը: Դա, հավանաբար, լեռան գագաթից երբևէ տեսած ամենագեղեցիկ տեսարանն էր ինձ համար: Սակայն երբ բարձրացա արևմտյան գագաթը, շատ ուժեղ քամի սկսվեց և ձյուն տեղաց: Հրաշալի էր մեկ օրում տարբեր եղանակային պայմանների ականատես լինել»:
Արագածի գագաթին
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է մի օր էլ բարձրանա Արարատ լեռը, անգլիացին նշեց. «Շատ հետաքրքիր հարց է… Ինձ նոր գաղափարներ եք տալիս: Այս հարցից հետո արդեն ցանկանում եմ փորձել»:
Անգլիացի երիտասարդը հիացած է Հայաստանի բնությամբ:
«Հայաստանը հրաշալի բնություն ունի: Հարավում՝ Սյունիքի մարզում, իրենց վայրի բնությամբ ու խիտ անտառներով աչքի են ընկնում «Շիկահող» պետական արգելոցը և «Արևիկ» ազգային պարկը, որոնց հակադրվում է Գեղամա լեռնաշղթան, կամ նույնիսկ Դիլիջանի հյուսիսում գտնվող ժայռերը և Ալավերդիի հիասքանչ անդունդը:
Սյունիքը և Գեղամա լեռներն իմ ամենասիրած վայրերն են: Սյունիքը գրավեց իր փարթամ կանաչապատ տարածքով և թռչուններով, որոնց գոյության մասին ես անգամ տեղյակ չէի, իսկ Գեղաման՝ իր հեռավոր լեռներով: Այնտեղ մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել, այնպիսի տպավորություն է, որ միայնակ ես և գտնվում ես բնության ողորմածության ներքո:
Հայաստանի մեծության երկրի համար բնապատկերների բազմազանությունը շատ տպավորիչ էր: Յուրահատուկ զգացողություն էր քայլել երկրի տարածքով և ականատես լինել բնապատկերների աստիճանական փոփոխությունների»,- ասաց Վալ Իսմայիլին:
Գեղամա լեռներ
Նա հիացած է նաև հայկական խոհանոցով:
«Հայկական սնունդն ուղղակի հրաշալի է: Ճանապարհին ինձ հետ ունեի ճամփորդական վառարան, որպեսզի կարողանայի ինձ համար պաստա կամ թունա պատրաստել, որոնք ես սովորաբար գնում էի խանութներ ունեցող մեծ քաղաքներից: Ուստի ես միշտ 3-5 օրվա սնունդ էի վերցնում: Սակայն ճամփորդության ընթացում գրեթե ամեն օր, երբ հովիվների էի հանդիպում, նրանք ինձ հրավիրում էին հաց ուտելու, սուրճ հյուրասիրելու և, իհարկե, օղի խմելու: Իմ ամենասիրած սնունդը, երևի թե, մածունն է և հովիվների հյուրասիրած տաք լավաշը:
Ես հիմնականում լավաշ էի ուտում նախաճաշին և ընթրիքին: Այն հաճելի համ ունի և կարող ես նաև որպես անձեռոցիկ օգտագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ է հավանել Դիլիջանի ռեստորաններից մեկում համտեսած տոլման ու սնկով պիցցան:
Ի՞նչ կասեք հայերի մասին, ինպիսի՞նն ենք մենք, և, ըստ քեզ, ո՞րն է հայերի ամենահետաքրքիր և արտասովոր կողմերը հարցերին ի պատասխան Վալ Իսմայիլին ասաց. «Հայերը իմ ճանաչած ամենաընկերասեր և հյուրասեր մարդիկ են: Ես Հայաստանում միշտ ինձ տանն էի զգում ձեր առատաձեռնության շնորհիվ:
Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում երիտասարդ սերունդը կարծես քաջատեղյակ է իր երկրի պատմությանը: Մեզ մոտ՝ Անգլիայում, երիտասարդները շատ բան չգիտեն իրենց երկրի պատմության մասին:
Ամենաանսովոր բանը, որ նկատեցի այն էր, որ դուք պիցցայի վրա կետչուպ եք ավելացնում»:
Մինչև գնալը վերջին բանը, որ ցանկանում է Հայաստանում անել՝ Կասկադ բարձրանալն է և ևս մեկ անգամ Արարատի բնապատկերով հիանալը. «Հուսով եմ՝ եղանակը հաճելի կլինի այդ օրը»:
Ալավերդու մոտ
Առավոտյան տեսարան Մարտիրոսից
Տաթև
Տեսարան՝ Խուստուփի ճանապարհին
Լուսանկարները տրամադրել է Վալ Իսմայիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան