Իսրայելի Կնեսեթի խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է
Վերջին շրջանում նկատվում է Հայաստանի և Իսրայելի գործիչների փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից:
Այս մասին նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ Իսրայելի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը:
ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ պարեբական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, իսրայելցի խորհրդարանականները նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։
Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:
Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծվել է գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ է արվել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։