Դեպի Հայաստան. մուտքի արտոնագրեր, ընթացակարգեր
ՀՀ կառավարության մեկ տարվա՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվության մեջ՝ «Դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացում» բաժնում ներկայացված է մեկ տարվա ընթացքում դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի դյուրացման վերաբերյալ տեղեկատվություն:
Մասնավորապես, հաշվետվության համաձայն, 2016 թ․ նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կամ առցանց, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Կառավարությունը նաև հիշեցնում է, որ 2017 թվականի մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով, Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից, իսկ Ճապոնիայի քաղաքացիների համար 2017 թվականի սեպտեմբերի 6-ից սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:
«ՀՀ-ում մատչելի ավիափոխադրումների ապահովում» բաժնում էլ նշված է, որ 2016թ. դեկտեմբերի 15-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը սկսել է շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ կանոնավոր չվերթներ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով, իսկ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը 2017թ. ապրիլի 25-ից սկսած չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, և 2017 թվականի հունիսի 30-ից նաև Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղություններով։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության հաշվետվություն. հունվար-օգոստոսին ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 մլն դոլար
- Կառավարության հաշվետվություն. Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6 %-ով, ներմուծումը՝ 28.5 %-ով