GSP համակարգի շնորհիվ ՀՀ-ում արտադրված ապրանքներն ԱՄՆ արտահանվում են առանց մաքսատուրքի
Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով Երևանում այսօր կազմակերպվել էր համաժողով, որի շրջանակներում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքի հետ քննարկեցին արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» միջոցով:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ GSP համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանում արտադրված ապրանքները ԱՄՆ արտահանել զրոյական մաքսատուրքով:
Ըստ փոխնախարարի՝ հայկական ծագում ունեցող 3000-ից ավելի անուն ապրանք արդեն ԱՄՆ է ներմուծվում առանց մաքսատուրքի: Նրա խոսքերով՝ Հայաստանի արտահանողների կեսից ավելին օգտվում է այս համակարգից։
«Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների շուրջ 60 տոկոսը օգտվում է GSP համակարգից: Հայաստանն այս համակարգից լավագույնս օգտվողների ցանկում է գտնվում: Համակարգը շատ կարևոր է մեր գործարարների համար, քանի որ դա նպաստում է ֆինանսական ռեսուրսների տնտեսմանը, տեղական ծագմամբ ապրանքների՝ ամերիկյան շուկայում ավելի մատչելի գներով իրացվելուն»,- ընդգծեց Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը շատ կարևորում է այս համակարգի շարունակականությունը:
Նրա խոսքերով՝ 2016 թվականին, ինչպես նաև 2017թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալները և արտահանման, և ներմուծման մասով, աճել են. «Ես միշտ կարծում եմ, որ կարելի է ավելին անել»:
Անդրադառնալով երկու երկրների առևտրաշրջանառությանը՝ փոխնախարարն ասաց, որ 2017 թ-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 91 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 38 տոկոսով ավելի է: «Մոտ 35 միլիոն դոլարը կազմում է հենց արտահանումը դեպի ԱՄՆ: Վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի առաջին 6 ամսվա կտրվածքով արտահանման աճը դեպի ԱՄՆ կազմել է մոտ 66 տոկոս, ինչը բավական տպավորիչ ցուցանիշ է»,- նշեց Գարեգին Մելքոնյանը:
Նա նաև հայտնեց, որ այն ապրանքները, որոնք արտահանվում են Միացյալ նահանգներ, մասնավորապես, վերամշակված սնունդ, ալյումինե նրբաթիթեղ, ոսկերչական արտադրանք, տեքստիլ, ունեն տրադիցիոն շուկա: «Կարծում եմ, որ շատ կարևոր է մտածել արտահանվող ապրանքի կառուցվածքի էլ ավելի դիվերսիֆիկացման մասին»,-ասաց նա: