Շարմազանով. Բագրատյանի հետ անհասկանալի բան է կատարվում
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով մասնագիտությամբ պատմաբան է, հարկ համարեց անդրադառնալ նախկին վարչապետ Հրանտ Բագարտյանի հայտարարություններին:
Շարմազանովն ասեց՝ հարգում է Բագրատյանին, եթե հայտարարությունները վերաբերեին տնտեսագիտությանն, ինքն իրեն իրավունք չէր վերապահի մեկնաբանել:
«Ինչ որ անհասկանալի բան է կատարվում, կամ էլ պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ: Նա պատերազմ է հայտարարում հայոց լեզվին կամ Առաքելական սուրբ եկեղեցուն: Հիմա տեսնենք հաջորդը որն է լինելու»,-ասաց Շարմազանովը:
Նաև հայտարարեց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ է, գտնում է, որ «դեպի սուրբ երրորդություն, դեպի Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը մեր եկեղեցին է, սա հավատամք է, համոզմունք, որը քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի: Եթե առաջնահերթություն ենք դնում, առաջինը Քրիստոսն է, հետո՝ հայրենիքը»:
Նրան հատկապես բարկացրել է Բագրատյանի հայտարարության այն հատվածը, որ եկեղեցու պատճառով կործանվել է պետությունը: Դա «կատարյալ անգրագիտություն» որակեց Շարմազանովը և հիշեցրեց Սահակ Պարթևի գործունեության մասին:
Նաև հիշեցրեց, որ հայ եկեղեցին եղել է գիտության, մտքի ու կրթության օջախ, ի տարբերություն այլ երկրների եկեղեցիների, որոնք որոշ դեպքերում քարկոծել են գիտնականներին:
Նշենք, որ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պատասխան տվե՞լ է, որ 2 անգամ (428-ին և 1045-ին) նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը»: