Մենք ունենք ստերեոտիպ՝ ձմեռը աշխատել, շինարարություն անել չի կարելի. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպմանը:
Վարչապետի խոսքերով՝ տեղական ինքնակառավարման մարմինները հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվությունների տրամադրման կամ մերժման հարցը։ Արդյունքում, ըստ նրա, հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները չնայած շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս որպես կանոն չի տրամադրվում համապատասխան թույլտվություն:
«Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքներին ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ, ինչպես նաև համապատասխան շինարարական թույլտվությունների տրամադրման լայն հայեցողական լիազորությամբ»,- ասաց Կարեն կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 40 օրում մշակել և հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների և պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարին էլ հանձնարարեց ուսումնասիրել, ըստ անհրաժեշտության ևս ներկայացնել իրավական ակտի նախագիծ շինարարական աշխատանքների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով:
«Կարծում եմ՝ հասկանալի է պատճառը: Վերջերս հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ, որոնք ասում են՝ ձմեռը թույլտվություններ չենք տրամադրում աշխատանքները կուտակվում են և այլն: Եվ ընդհանրապես մենք ունենք ստերեոտիպ, որ ձմեռը աշխատել, շինարարություն անել չի կարելի, պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին