Հայաստանում աուդիտի գործունեությունը չունի արդյունավետություն. Բոստանջյան
Կառավարության կողմից ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունը պայմանավորված է Լիցենզավորման մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ, այն տեխնիկական բնույթ և ճշգրտող նշանակություն ունի։ Այս մասին այսօր խորհրդարանում ներկայացնելով նախագիծն՝ ասաց Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը։
Հանրապետական պատգամավոր Շուշան Սարդարյանը փոխնախարարին հարցրեց՝ թե դա որքանով կնպաստի աուդիտորական համակարգի կայացմանը և պարտադիր նորմը մնո՞ւմ է, թե ոչ:
«Վերահսկողության գործառույթ ունի հայեցակարգը և հիմնական կարգավորման գործառույթը Ֆինանսների նախարարությունից փոխանցվելու է օրենքով ստեղծված մասնագիտական կառույցին, այսինքն՝ պետությունը հետևելու է, բայց հանձնելու է»,- պատասխանեց Անանյանը։
Պարտադիր նորմին անդրադառնալով՝ նշեց, որ այն ոչ թե վերականգնում են, այլ աուդիտի նորմի ճշգրտում են մտցնում, որոնք մի քանի տասնյակ են:
«Հայաստանում աուդիտի գործունեությունը չունի այն արդյունավետությունը, ինչը շուկայական քաղաքակրթված պայմաններում գործում է»,- մինչ հարց տալը՝ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Նրա հարցին՝ թե կա՞ աշխարհում պարտադիր աուդիտի ինստիտուտ և ի՞նչ նպատակ է հետապնդում, փոխնախարարը պատասխանեց. «Կան, բայց կան և այնպիսի երկրներ, որոնք ֆինանսական հաշվետվության թափանցիկության կանոնները հրապարակելու մշակույթ են ձևավորել, այսինքն, եթե տնտեսվարողը չի գիտակցում հանրությանը թափանցիկ ներկայացնել իր ֆինանսական գործունեությունը, պետությունը պետք է միջամտի»։
Պատգամավորն արձագանքեց, որ ինքն ամենամեծ կոռուպցիոն ռիսկը տեսնում է այն մոտեցման մեջ, որ եթե աուդիտ ես անցել, ուրեմն քեզ չեն համարում տնտեսվարող սուբյեկտ:
«Ոչ թե պարտադրում ենք աուդիտ, այլ պարտադրում ենք, որ գիտակցի հանրության նկատմամբ հաշվետվության պարտավորությունները»,- պատասխանեց Անանյանը։