Սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծումը ֆինանսապես ծանր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությունը, որի նպատակն է նպաստել հանրապետության տարածքում սեյսմակայունության բարձրացման կարիք ունեցող տարբեր նշանակության շենքերի անվտանգ շահագործմանը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների կանխարգելմանը:
Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ ռազմավարության առումով սա բավական լուրջ փաթեթ է և հիմք է հանդիսանալու, որպեսզի ոլորտային, ճյուղային նախարարություններում յուրաքանչյուրն իր գույքի մասով, որոշակի ժամկետներում համապատասխան միջոցառումների շնորհիվ շենքերի ուժեղացման, պահման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն:
Նարեկ Սարգսյանի խոսքերով՝ սեյսմիկ գոտում ծախսերը լինելու են շատ մեծ, բայց այս ռազմավարության հենքի վրա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կներկայացնեն ժամանակացույց՝ կոնկրետ որոշման նախագծերով:
«Սա շատ կարևոր խնդիր է, ավելի լավ է հիմիկվանից պարտադիր նորմեր սահմանենք շենքերի պահմանման, ուժեղացման վերաբերյալ, որը ավելի քիչ ծախսեր կպահանջի, քան հետագայում երկրաշարժից հետո այդ ամենը վերակառուցել», - նշեց Նարեկ Սարգսյանը:
Անդրադառնալով նախագծին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ սեյսմիկ հարցերի հետ կապված ռեալ պետք է գույքագրել խնդիրները, գտնել լուծումներ և հասկանալ հարցի գինը: «Դրան զուգահեռ այսօր քննարկում ենք համատիրությունների մասին օրենքը: Շատ հետևողական պետք է լինենք: Ճիշտ է՝ հարցի լուծումը ֆինանսական ծանր խնդիր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ»,- նշեց վարչապետը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենքեր և շինություններ (այդ թվում` պատմամշակութային հուշարձաններ):
Գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Դրանց նախագծային սեյսմակայունությունը, համաձայն տարբեր ժամանակաշրջաններում սեյսմակայուն շինարարության ընդունված նորմերի պահանջների, նախատեսված է եղել 7 և 8 բալ (ըստ ուժգնության գնահատման MSK-64 սանդղակի): Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորատիվ փաստաթղթերի պահանջներին: