Իտալական և հոլանդական ընկերությունները կօժանդակեն Հայաստանի գյուղատնտեսությանը
2018 թվականից Հայաստանում մեկնարկելու են արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը նպատակաուղղված սուբիսդավորման ծրագրեր: Դրանց շրջանակում ֆերմերներին կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքով վարկեր մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման նպատակով: Այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ իտալական հանրահայտ «Լուկինի», «Վալենտե», «Տերասպե», «Սալվի», «Ֆրութ Կոնտրոլ», «Ըդվայս Քնսալթինգ», հոլանդական «Հորդիլայֆ» և նրանց հայաստանյան գործընկեր «Էկոշին գրուպ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդպմանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցեր, քննարկվել է ջերմատների և սառնարանային տնտեսությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հնարավորությունը:
Հիշյալ ընկերությունները զբաղվում են ջերմոցային կոնստրուկցիաների, կարկտապաշտպան ցանցերի, նորագույն սառնարանների արտադրությամբ, տնկարանային տնտեսությունների հիմնմամբ և այգեգործական խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ:
«Հայաստանը հայտնի է իր պտուղ-բանջարեղենով, մենք ունենք բարենպաստ եղանակային պայմաններ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար, մեծ շուկա` ի դեմս ԵԱՏՄ երկրների, կան շատ հողատարածքներ, որտեղ կարելի է ներդնել այդ տեխնոլոգիաները և ինտենսիվ գյուղատնտեսություն վարել: Մշակված պետական աջակցության ծրագրերը լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համար, ուստի առաջարկում ենք այստեղ գործունեություն ծավալել, ինչը երկուստեք շահավետ կլինի»,-մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հյուրերը ընդգծել են, որ պատրաստ են փոխանցել իրենց երկարամյա փորձը, մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն տրամադրել ֆերմերներին և համագործակցել պետական աջակցության ծրագրերի շրջանակում իրենց հայաստանյան գործընկերոջ միջոցով:
«Լուկինի» ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ իրենք արդեն Հայաստանում փորձնական ծրագիր են իրականացնում, Հրազդանում հիմնել են եվրոպական արտադրության ցուցադրական ջերմատուն: