Շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ մուտք է գործել ԵՄ շուկա. ԵՄ դեսպան
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպական բիզնես ասոցիացիայի և ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպել է «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդես` ԵՄ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու, ներդրումային արտոնություններն ուսումնասիրելու, ինչպես նաև եվրոպական ու հայկական արտադրողների և ծառայություն մատուցողներին արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ ընձեռելու նպատակով:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն՝ առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը, մշտապես կարևորում է անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցությունը:
«Այս միջոցառումը միտված է նրան, որ ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Հայաստանը շահեն դրանից։ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրն է։ Սա շատ նշանակալի է, քանի որ ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկա։ Ես շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում են մուտք գործել ԵՄ շուկա և շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք օժանդակել դրան»,- ասաց դեսպանը։
Նա շեշտեց նաև, որ Եվրոպական միության հետ առևտուր իրականացնելիս Հայաստանը հաջողությամբ օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) և ավելի քան 3000 հայկական ապրանք ազատ մուտք ունի ԵՄ շուկա։
«Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբում է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի կառավարումը: Ցուցահանդեսի երկրորդ օրը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումներ տեղի կունենան` Հայաստանը հայտնի զբոսաշրջային գոտի դարձնելու, ինչպես նաև բիզնեսի հաջողության համար խորհրդատուների դերի և արտահանման զարգացման թեմաներով:
Միջոցառումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը, «Երևան Էքսպո» կենտրոնում։
Հարակից հրապարակումներ`
- Շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման դրույթ չկա. Պ. Սուրմելիս
- Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել՝ բիզնես միջավայրը բարելավելու համար. Սվիտալսկի
- Կարեն Կարապետյան. Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և ԵՄ, և ԵՏՄ հետ
- Վարչապետ. Չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով