Իրանագետ. Մերձավոր Արևելքի գերշիկացած այժմյան մթնոլորտում Հայաստանն ունի թերևս ամենակարևոր մրցակցային առավելությունը
«Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեով սկիզբ դրվելիք գործընթացը, բացի այլ խնդիրներից, լրացուցիչ և լրջագույն խոչընդոտ է ստեղծելու նաև դեպի Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգիստ իրանական ելքի համար»: Նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Բանն այն է, որ չնայած այդ մասին շատ չի խոսվում, սակայն Իրանում հեռագնա ծրագիր կա ներիրանական երկաթուղին հասցնելու մինչև իրան-իրաքյան Խոսրավի սահմանային անցակետ, որտեղից այն պետք է շարունակվի դեպի Խանաղին, Բաղդադ, Մոսուլ (Իրաք), Ղամշլի, Դեյր ալ-Զոր, Ռակկա, Հալեպ, Լաթաքիա (Սիրիա)՝ այսպիսով Իրաքի և Սիրիայի տարածքներով Իրանի համար տրանսպորտային միջանցք ապահովելով դեպի Միջերկրական ծով և Եվրոպա: Ենթադրվում է, որ միջանցքն ունենալու է նաև էներգետիկ բաղադրիչ՝ իրանական էներգակիրները եվրոպական շուկաներ հասցնելու հեռանկարով:
Բազմաթիվ այլ բաղկացուցիչներից բացի, Իրանի գործողությունները Սիրիայի և Իրաքի տարածքում, ըստ էության, միտված են նաև նման հեռագնա ծրագրի ապահով իրականացմանը և տեղավորվում են դրա տրամաբանության շրջանակներում:
Ակնհայտ է սակայն, որ Քրդստանում անկախ պետության ստեղծումը, որը բացեիբաց հավակնում է նաև Մոսուլին ու դե ֆակտո քրդական վերահսկողության տակ գտնվող Խանաղինին և ամենայն հավանականությամբ հովանավորվելու է Իրանի ախոյան Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից, կարող է ի դերև հանել այս ուղղությամբ իրանական հեռահար տրանսպորտային և էներգետիկ ծրագրերը, հետևաբար նոր զարգացումների խորապատկերին դեպի Սև ծով և Եվրոպա իրանական ելքի «հայկական ուղղությունն» ունի բոլոր շանսերը Թեհրանի համար դառնալու ինչ-որ առումով նույնիսկ կենսական նշանակության:
Մերձավոր Արևելքի գերշիկացած այժմյան մթնոլորտում, որտեղ քրդական գործոնը կարող է հավելյալ պայթուցիչ դառնալ, Հայաստանն ունի թերևս ամենակարևոր մրցակցային առավելությունը՝ անվտանգ և վստահելի պետւթյուն լինելու հանգամանքը՝ հաղթաթուղթ, որը մենք կարող ենք և պետք է օգտագործենք լիուլի»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հանրաքվեից առաջ Իրաքի հետ սահմանին զորավարժություն է սկսել
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում