«Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը՝ հայ-իրանական փոխգործակցության լավագույն կամուրջ. Կարայան
Իրանի Իսլամական հանրապետությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ազատ տնտեսական գոտում գյուղատնտեսական, արտադրական, արդյունաբերական, առևտրային և զբոսաշրջային տարածքներ։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել նաև մի շարք գործարարներ Հայաստանից, որոնք տեղում գործարար կապեր են հաստատել իրանցի գործընկերների հետ, ճշգրտել հետագա համագործակցության հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Մեղրի-Արաս» խորագրով գործարար համաժողով, որը կհամախմբի Հայաստանի և Իրանի բոլոր շահագրգիռ գործարարներին, որոնք ցանկանում են երկու ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալել և համագործակցել։
Նախարարը նշել է, որ առաջիկայում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խումբ կմեկնի Իրան՝ ԱՏԳ՝ իրանցի գործընկերների հետ քննակելու տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնավորությունները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ «Մեղրի» և «Արաս» գոտիների համագործակցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման լավագույն կամուրջ։
«Բոլոր նախադրյալները կան, որ երկու ազատ տնտեսական գոտիները համագործակցեն, և, որ ամենակարևորն է՝ փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ Մենք միասին փնտրում ենք այն ուղիները, որոնք հնարավոր կդարձնեն երկու ԱՏԳ-ների միասնականացումը, ինչն էլ կտա ավելի մասշտաբային էֆեկտ»,- ասել է Սուրեն Կարայանը։
Նախարարը կարևորել է արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը, նախարարի խոսքով, հնավարություն կտա լավագույնս օգտագործելու երկու երկրների ներուժը։
«Ուրախ եմ, որ հետամուտ լինելով մեր ձեռք բերած պայմանավորվածության` այցելեցիք «Արաս» ազատ տնտեսական գոտի։ Հուսով ենք, որ նման փոխայցելություններն էլ ավելի կզարգացնեն հայ-իրանական առևտրատնտեսական կապերը։ Մենք պատրաստակամ ենք կիսելու մեր փորձը ազատ տնտեսական գոտու կառուցման և կայացման գործում» ,-նշել է «Արաս» գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղին։