«Մենք այսօր տեսանք մի շղթա, որտեղ մի արտադրությունը տալիս է մեկ այլ արտադրություն». գյուղնախարար
Այսօր Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է մարզի շարք ընկերություններում։
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ Աբովյան քաղաքում այցելել է «Առողջ սունկ» ՍՊԸ, ծանոթացել սնկի արտադրության պայմաններին, փաթեթավորման և պահեստավորման գործընթացին, եղել սնկի պահածոյացման արտադրամասում: Այցելել է նաև «ՕՌՎԱԿՕ» հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն, որտեղ նա հանդիպել է աշխատակիցների հետ, ծանոթացել որդակոմպոստացման գործընթացին: Այստեղ ներկայումս արտադրվում է չորս անուն օրգանական պարարտանյութ: Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Զորավան համայնք` օրգանիկ մոշի և ազնվամորու մշակությամբ զբաղվող «Արմբերրի» ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելել է նաև Արագյուղ համայնքում գտնվող «Նաիրիան» ընկերություն, որը զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ` կիրառելով հայկական բարձրավանդակում աճող բույսերը: Ներկայումս ընկերությունն ունի 4 հեկտար դամասկոսյան վարդի դաշտ և ևս 4 հեկտար հողատարածք այլ եթերայուղատու մշակաբույսերի աճեցման համար: Ընկերության մասնագետները նշում են, որ դամասկոսյան վարդը բոլորովին էլ քմահաճ չէ. ցրտադիմացկուն է, կարկուտից չի վնասվում, շատ քիչ ոռոգում է պահանջում, միևնույն ժամանակ իր գեղեցկությամբ շատ սրտեր է գրավում. վարդաքաղի սեզոնին ոմանք նույնիսկ դիմում են կամավոր հիմունքներով այստեղ աշխատելու համար:
«Մենք այսօր տեսանք մի շղթա, որտեղ մի արտադրությունը տալիս է մեկ այլ արտադրություն` սնկից ստանում են օրգանական պարարտանյութ, որն իր հերթին օգտագործվում է և' այգեգործության, և' այս նոր ոչ ավանդական ուղղության` օրգանական կոսմետիկայի համար անհրաժեշտ մշակաբույսերի աճեցման համար: «Նաիրիան» ընկերությունը շատ լավ նախաձեռնություն է սկսել, արդեն դուրս են եկել միջազգային շուկա: Նրանց հետ քննարկեցինք այս ուղղությունն ընդլայնելու նպատակահարմարության հարցը: Նաև եղանք հատապտղային ինտենսիվ այգում, որտեղ ընտրում են լավագույն տնկին` տվյալ բնակլիմայական պայմաններին համապատասխան մաքսիմալ բերք ստանալու նպատակով»,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է Իգնատի Առաքելյանը: