Բակո Սահակյանը ցավակցել է Նույկինի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ցավակցական հեռագիր է hղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով ընդունեցի Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի մահվան բոթը:
Որպես ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից ու ոգեշնչողներից մեկը՝ Անդրեյ Նույկինը լայն ճանաչում ուներ և մեծ հարգանք էր վայելում մեր երկրում:
Լինելով իսկական հայրենասեր և դեմոկրատ՝ նա ակտիվորեն պաշտպանում էր մեր ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը:
Նա նշանակալի ավանդ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ ու արդարացի լուսաբանման և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում:
Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի ծառայություններն արժանիորեն են գնահատվել մեր ժողովրդի կողմից: Նա պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգևով՝ «Մխիթար Գոշ» մեդալով:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Նույկինի հարազատներին ու մերձավորներին՝ բոլորիս համար այս ծանր կորստի կապակցությամբ: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: