Առաջին անգամ տարածաշրջանային համագործակցության առարկայական արդյունքն ենք տեսնում. Արծվիկ Մինասյան
Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները։ Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ միջոցառումների մեկնարկը տրվել է «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացմամբ: Հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել արգելավայրի ֆլորայի և ֆաունայի նմուշներին: Ներկաները ծանոթացել են տեղական արտադրատեսականու շուկայի ներկայացուցիչների արտադրանքներին:
«Առաջին անգամ տարածաշրջանային համագործակցության առարկայական արդյունքն ենք տեսնում։ Առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի մենք Հարավային Կովկասում էկոտարածաշրջանային ծրագրի ներքո ունենանք բնության հատուկ պահպանվող տարածքներ, և միավորենք մեր ջանքերը կենսաբազմազանության պահպանության իրական միջավայր ստեղծելու համար, ինչը հնարավորություն է տալիս բնապահպանական ծրագրերը դարձնել մեր տարածաշրջանի ապագային միտված արդյունավետ մեխանիզմներ»,- այս մասին նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախօրեին Ախալքալաք քաղաքում «Ջավախեթի» պահպանվող տարածքների այցելուների կենտրոնի բացման ժամանակ։
Ըստ Ա. Մինասյանի, ներկայում բնության պահպանությունը պահանջում է բոլորի ջանքերի մեկտեղում և միայն այդ կերպ հնարավոր է ապագայում ունենալ կայուն զարգացում: Այս նպատակով Հայաստանը պատրաստակամ է համագործակցել անդրսահմանային համագործակցության բոլոր ձևաչափերով:
«Արփի լիճ» ազգային պարկը և «Ջավախեթի» պահպանվող տարածքները ստեղծվել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Պահպանվող տարածքների ստեղծման նպատակն է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի (Կովկասյան էկոտարածաշրջան) յուրօրինակ կենսաբազմազանության պահպանությունը, տարածաշրջանում կայուն համայնքային զարգացման խթանումը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության աջակցությունը ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ