Վաչե Գաբրիելյան. «Մենք կարող ենք ներդրողներին առաջարկել հասանելիություն առնվազն 800 մլն սպառող ունեցող շուկաներ»
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ներքո տնտեսական հիմնախնդիրները 4 հիմնական ուղղություններով են քննարկվել։ Ներկայացվել ԵՆ Հայաստանի տնտեսության գրավիչ կողմերը, ինչպես նաև խոսվել է առկա անելիքների մասին: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանը պատմականորեն եղել է մետաքսի ճանապարհի առևտրային երթուղային խաչմերուկում:
«Մենք այժմ էլ կարող ենք հնարավորություն ընձեռել ներդրողներին և տնտեսվարողներին՝ առաջարկելով հասանելիություն առնվազն 800 մլն սպառող ունեցող շուկաներ: Դա պայմանավորված է թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, թե Իրանի հետ սերտ հարաբերություններով և նախանշվող ավելի խորացող հարաբերություններով, թե ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ առևտրի հստակ ռեժիմներով, որոնք արտոնյալ են»,- ընդգծեց Վաչե Գաբրիելյանը:
Փոխվարչապետը նշեց նաև, որ համաժողովի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի բիզնես միջավայրը, այդ թվում՝ առկա նվաճումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք դեռևս կան և կարիք ունեն լուծման:
Նիստերի ընթացքում քննարկումները ծավալվել են նաև Հայաստանի և սփյուռքի գործարարների միջև համագործակցության ակտիվացման շուրջ:
Համաժողովին գնահատվել է նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքի կարևորությունը հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման համար։
Վաչե Գաբրիելյանի խոսքերով՝ համաշխարհային զբոսաշրջությունը տարեկան 1 միլիարդից ավելի այցելություններ ունի, Հայաստանում այդ թիվ ևս զարգացման միտում ունի:
«Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջային ալցելությունները կտրուկ աճել են: 2016 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 260 հազար զբոսաշրջիկ, ինչը 6 տոկոսով ավելի շատ է, քան 2015 թ-ին, իսկ 10 տարի առաջ այդ թիվը 382 հազար էր»,– ասաց Վաչե Գաբրիելյանը։
Փոխվարչապետի խոսքերով՝ համաժողովի ընթացքում քննարկել են Սփյուռքում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի խթանման և ներկայացման հնարավորությունների, Սփյուռքից զբոսաշրջային այցելությունների ավելացման, ինչպես նաև Սփյուռքի անմիջական ներգրավմամբ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման հնարավորությունների մասին: Մասնավորապես, խոսքը գնում է առողջապահական, առողջարանային, խոհանոցային, գիտական, արկածային տուրիզմի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ուժ է առնում Սփյուռքից, Սփյուռքը՝ Հայաստանից. Հրանուշ Հակոբյանը ամփոփում է Հայաստան-Սփյուռք համաժողովը
- Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները գոհ են աշխատանքներից. Հրանուշ Հակոբյան
- Որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքի, Արցախի անկախության գաղափարին. ԱԺ նախագահ
- Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով. Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ