ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանում Ալիևիների պատվիրակության դեգերումները միայն հիստերիայով չէ, որ ավարտվեցին
ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում թեև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթների ծանրակշիռ հատվածը նվիրված էր արցախյան հակամարտության կարգավորմանը, սակայն դրանցում արված էին տրամագծորեն իրարից տարբերվող շեշտադրումներ:
Հայաստանի նախագահի ելույթում հակամարտության կարգավորմանը կատարած անդրադարձը կառուցված էր նոր մոտեցմամբ: Դատելով այդ ամենից՝ հայկական կողմը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության հավաքական սկզբունքը հայտարարում է՝ որպես հակամարտության կարգավորման կարևորագույն պայման:
Միջազգային առաջադեմ հանրության համար ամբողջովին ընկալելի այս մոտեցումը նշանակում է, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պահպանվի ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես մարդու իրավունքների հավաքական դրսևորում, այսինքն Արցախի կարգավիճակը ոչնչով չի կարող զինջել այն վիճակին, որն առկա է այսօր: Ավելին, կարգավորման տեսանկյունից անկյունաքարային հռչակվեց բուն անվտանգության ապահովման խնդիրը, ինչը նշանակում է, որ մնացյալ բոլոր խնդիրները դառնում են ածանցյալ և չեն կարող էական նշանակություն ունենալ, քանի դեռ լուծված չեն գլխավոր երկու խնդիրները: Նկատենք, որ Հայկական կողմի դիրքորոշման մեջ այս նոր մոտեցումն ամբողջովին ընկալելի ու ընդունելի է ժամանակակից աշխարհի ու հատկապես Արևմտյան հանրույթի կողմից, որտեղ քաղաքականությունն այլևս մարդակենտրոն է, իսկ խոշոր քաղաքական նախագծերն էլ կոչված են ծառայելու մարդու հիմնարար իրավունքներին ու ազատությունների պաշտպանությանը:
Սպասելի էր, որ նման շեշտադրումներով ելույթն Ադրբեջանի նախագահին ստիպելու է ՄԱԿ-ի ամբիոնից ոչ թե կառուցողական ու աշխարհին ընկալելի մոտեցումներով խոսել, այլ անել հիստերիկ ջղաձգումներ ու մեղադրանքներ հնչեցնել աջ ու ձախ: Նախ Ալիևը շանտաժի դիմելով մեղադրեց միջազգային հանրությանն «իրեն տարածքներ չվերադարձնելու համար» և ապա մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի նախագահի հասեցին: Միանգամայն ավելորդ է անդրադառնալ այդ մեղադրանքների բովանդակությանը թեկուզև զուտ այն պատճառով, որ դրանք ամբողջովին զուրկ են ոչ միայն փաստական հիմքերից, այլ նաև ռացիոնալ դատողություններից: Պարզ է, որ Բաքվում որևէ նոր բան այդպես էլ չկարողանալով մտածել արդեն սկսել են գիտակցել, որ իրենց կողմից երկու տասնամյակ շրջանառվող թեզերն հոգնեցրել են միջազգային հանրությանը, հետևաբար պետք է դիմել շանտաժին ու էժանագին մեղադրանքներին:
ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանում Ալիևիների պատվիրակության դեգերումները միայն հիստերիայով չէ, որ ավարտվեցին: Հայաստանում միջնադարյան կարգեր լինելու մասին խրոխտ խոսող Ալիևը բառի բուն իմաստով ծիծաղի առարկա դարձավ ոչ միայն ՄԱԿ-ում ներկա մյուս պատվիրակների մոտ, այլ նաև իրեն ուղեկցող սեփական աղջկա մոտ: Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն հանգամանքը, որ Ալիևի ելույթի ժամանակ Լեյլա Ալիևան ոչ միայն սելֆիներ էր անում, այլ ծամածռվում էր ու խնդմնդում: Զավեշտալի է, որ Ալիևներին թվացել էր, թե իրենց դինաստիան տանն է, այլ ոչ թե համաշխարհային նշանակության թիվ մեկ կառույցի գլխավոր սրահում:
Զավեշտների վերջին ակորդի հեղինակը նույնպես Լեյլա Ալիևան էր: Ալիևի ելույթից հետո ադրբեջանական մամուլն արագորեն տարածեց սոցիալական ցանցերում Լեյլա Ալիևայի կողմից զետեղված մի լուսանկար, որում Ադրբեջանի նախագահն ու փոխնախագահը՝ Մեհրիբան Ալիևան իբրև հանդիպում են ունեցել ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ հետ: Ժամեր անց արդեն պարզ դարձավ, որ Ալիևների ընտանիքին վերագրված այս «մեծագույն ձեռքբերում»-ը հերթական էժանագին քարոզչական փուչիկն էր: Ինչպես պարզվում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում են ունեցել նաև ՄԱԿ-ում ներկա մյուս նախագահները՝ այդ թվում և Հայաստանի նախագահը, այսինքն՝ խոսքը սովորական արարողակարգային միջոցառման մասին է և Ալիևների կարևորության մասին խոսելը միանգամայն ավելորդ է ու ծիծաղելի:
Սելֆիներ, ծամածռություններ, քարոզչական հերթական փուչիկ, «Ղարաբաղն Ադրբեջանի պատմական մաս» լինելու և «ժողովրդավար ու ծաղկող Ադրբեջանի» մասին թեզեր. ահա այն ամենն, ինչ կոռուպցիոն լվացքատան հայտնի մասնագետը կարողացավ ՄԱԿ ԳԱ ամբիոնից ասել ի պատասխան Հայաստանի նախագահի ելույթի:
Հեղինակ՝ քաղաքագետ Կնյազ Սարոյան