ՓՊ իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է երկու քննիչների գործողությունները
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը անթույլատրելի է համարում փաստաբանների օրինական գործունեության ցանկացած խոչընդոտում և խստիվ դատապարտում է վարույթն իրականացնող քննիչներ Ռաֆայել Վարդանյանի ու Նշան Ղազարյանի գործողությունները, որոնցով խոչընդոտել են վստահորդի կանչով ներկայացած փաստաբան Ռուստամ Բադասյանի մասնագիտական գործունեությունը` նրան թույլ չտալով մասնակցել 01.09.2017թ. քնչական գործողությանը` խուզարկությանը:
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ քննիչների նման գործողություններով խախտվել են ինչպես փաստաբան Ռուստամ Բադասյանի, այնպես էլ նրա վստահորդի իրավունքները:
Պալատի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունից տեղեկանում ենք, որ Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանի կազմած արձանագրությամբ և Հանձնաժողովի նիստին տված բացատրության համաձայն. «ս/թ սեպտեմբերի 1-ին ժամը 11:30-ին ստանալով զանգ փաստաբան Սուրեն Գրիգորյանից, այն մասին, որ իր գործընկեր Ռուստամ Բադասյանը գտնվում է Մուրացան փողոցում, որտեղ խուզարկություն է կատարվում իրենց վստահորդներից մեկի մոտ, ով հայտնել է, որ ցանկանում է որպեսզի պաշտպանը ներկա գտնվի, սակայն Ռուստամ Բադասյանին այդտեղից հրելով դուրս են հանել: Այդ ժամանակ Գևորգ Մկրտչյանը կապ հաստատելով Ռուստամ Բադասայանի հետ, վերջինից պարզել է, որ նա վստահորդի կանչով գտնվում է Մուրացան հիվանդանոցային համալիրում:
Ժամը 11:45-ի սահմաններում հասնելով նշված վայր պարզել է, որ հիվանդանոցի աշխատակիցներից մեկի աշխատասենյակում կատարվում է խուզարկություն, որին մասնակցող անձի ներկայացուցիչ փաստաբան Ռուստամ Բադասյանին չեն թույլատրում ներկա գտնվել քննչական նշված գործողությանը:
Փորձելով պարզել փաստաբանին խուզարկությանը ներկա գտնվելուն չթույլատրելու պատճառները՝ պարզաբանում է խնդրել նշված աշխատասենյակից դուրս եկող անձից, ով ներկայանալով որպես ՀՀ քննչական կոմիտեի քննիչ, քննչական խմբի անդամ Նշան Ղազարյան և ըստ էության պատասխանել է, որ փաստաբանը կարող է մասնակցել քննչական գործողությանը, եթե ներսում է գտնվում, իսկ այս պահին ընթացող քննչական գործողությունը դեռևս կիսատ է: Այն հարցին, թե ինչու այդ դեպքում քննչական գործողությանը փաստաբանին չեք թողնում, որպեսզի մտնի աշխատասենյակ՝ Նշան Ղազարյանը պատասխանել է, որ «գործողություն է կատարվում, թողեք, որ այդ մարդիկ իրենց գործողությունը կատարեն ավարտեն, այնուհետև»:
Մոտ երկու ժամ սպասելով նշված աշխատասենյակի մոտ և երբեմն դուռը թակելու միջոցով փորձելով ներսում գտնվող անձանցից որևէ պարզաբանում ստանալ փաստաբանին քննչական գործողություններին չթույլատրելու վերաբերյալ, սենյակի դուռը բացվել և հայտնվել է, որ խուզարկությունն ավարտվել է, իսկ քննչական խմբի ղեկավար ներկայացած քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչությունից Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ քննչական գործողությունը կատարվել է քրեական դատավարությամբ սահմանված ընթացակարգով սահմանված կարգով, իսկ մնացած հարցերով դիմեք քննչական կոմիտեին»:
Փաստաբան Ռուստամ Բադասյանը բացատրություն է տվել այն մասին, որ «իր վստահորդը մինչև խուզարկության փաստացի սկսվելը ցանկություն է հայտնել, որ ապահովվի իր փաստաբանի ներկայությունը, սակայն քննիչը որևէ կերպ ընթացք չի տվել այդ միջնորդությանը։ Բացի այդ, ինքը փորձել է մուտք գործել ախատասենյակ, սակայն ՀԿԳ քննիչ Ռաֆայել Վարդանյանը, առանց որևէ պատճառաբանությամբ չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը քննչական գործողությանը, փակել է սենյակի դուռը։
ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խումբը դեպքի վայրում արձանագրել է, որ փաստաբանը չի կարողանում մասնակցել քննչական գործողությանը, տեղում զրուցել է քննչական խմբի անդամների հետ, որոնք նշել են, որ ներսում քննչական գործողություն է, այն արդեն սկսվել է և միայն ավարտից հետո կարող է փաստաբանը տեսնել վստահորդին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում