Պատգամավորները չեն կարող անարգել տեսակցել կալանավորին, եթե քննիչը արգելանք է դրել
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի խումբ պատգամավորների կողմից առաջարկված օրենսդրական ակտի նախագիծը, որով առաջարկում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարել մի փոփոխություն։
Դրա էությունը հետևյալն է՝ որոշակի դեպքերում վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ, և պատգամավորները առաջարկում են, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել քրեակատարողական հաստատությունում:
«Առաջին հայացքից թվացյալ պարզ հարցն իրականում շատ ավելի խորն է: Բանն այն է, որ օրենսդրությունը երկու տարբերակում է տալիս՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը։ Եվ անարգել մուտք ու ելքի հետ կապված բազում պաշտոնատար անձիք այդ իրավունքն ունեն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորները և այլն, բայց տեսակցության հետ կապված կան լրիվ այլ կարգավորումներ: Կա ստանդարտ ռեժիմ՝ տեսակցություն ուզելու և կա ռեժիմ՝ անկախ նրանից, քննիչն արգելանք դրել է, թե՝ ոչ, անձն իրավունք ունի տեսակցելու: Հիմա պատգամավորներն առաջարկում են, որ նրանց և մյուս պաշտոնյաների համար քննիչի արգելքը չգործի, ինչը մենք համարում ենք անթույլատրելի»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Նախարարի խոսքերով՝ դա նշանակում է, որ մեծ թվով անձիք ստանում են հնարավորություն կալանավորված անձանց հետ տեսակցելու:
«Այդ իրավունքից հիմա օգտվում է ՄԻՊ-ը, խոստովանահայրը, իսկ եթե կալանավորված անձը դատավոր է, այդ իրավունքից օգտվում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահը: Մենք նպատակահարմար չենք համարում ընդլայնել տեսակցություն ունեցող անձանց շրջանակը, եթե քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա»,- ասաց արդարադատության նախարարը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե այլ երկրներում կա՞ նման պրակտիկա, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է քննությանը, ապա միշտ ցանկություն կա սահմանափակվելու միայն այն պաշտոնատար անձնաց հետ, որոնք ֆունկցիոնալ կապ ունեն կալանավորված անձի հետ: «ՄԻՊ-ն ու խոստովանահայրը ֆունկցիոնալ կապ ունեն, մնացած դեպքերում դա պետք է սահմանափակվի: Կան երկրներ, որտեղ չկա նման պրակտիկա կա, բայց դա չի նշանակում, որ պետք է գտնենք նման մի երկիր ու բերենք Հայաստան»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում