Չինաստանում ռոբոտ-ատամնաբույժն ինքնուրույն վիրահատություն է արել
Չինաստանում պատրաստված ռոբոտ-ստոմատոլոգն առաջին անգամ վիրահատել է հիվանդին առանց բժիշկների մասնակցության: Ռիա նովոստին, հղում անելով South China Morning Post-ին, գրում է, որ ռոբոտը երկու արհեստական ատամ է տեղադրել, որոնք տպված էին 3D տպիչով:
Վիրահատությունից առաջ բժիշկները ծրագրավորել էին շարժումների անկյունն ու ուղղությունները և սահմանել խորության չափանիշները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նոր ատամները առավելագույնս ճշգրիտ տեղադրվեն: Ռոբոտն իմպլանտները տեղադրել է 0,2-0,3 միլիմետր սխալանքով, ինչը համապատասխանում է չափանիշներին:
Փորձագետների կարծիքով, Չինաստանի համար նման գիտական արդյունքը հատկապես արդիական է, քանի որ երկրում որակյալ ատամնաբույժների պակաս կա: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ երկրում տարեկան շուրջ 1 միլիոն իմպլանտ է տեղադրվում, սակայն շատերը վիրահատությունից հետո կրկին ստիպված են լինում դիմել ատամնաբույժի՝ վիրաբուժական սխալների պատճառով: