HRW. Ադրբեջանը վերջապես պատասխանատվության է ենթարկվում
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տպագրել է կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Դամի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից՝ Ադրբեջանի վերաբերյալ ընդունված որոշմանը։
«Ադրբեջանը վերջապես քաղաքական ակտիվիստ Իլգար Մամմադովին ճաղերի հետևում պահելու ու նրա իրավունքները ոտնահարելու համար պատասխանատվության է ենթարկվում։ Հինգշաբթի օրը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն որոշեց իրավական գործընթաց սկսել երկրի դեմ։
Սա կարող է մանկական քայլ համարվել, սակայն դա այդպես չէ։ Սա աննախադեպ և համարձակ քայլ է. մի բան, որ Եվրոպայի խորհուրդը երբևէ չէր արել։ Այս գործընթացը ի վերջո կարող է հանգեցնել Ադրբեջանի քվեարկելու իրավունքի կասեցման կամ Եվրոպայի խորհրդից հեռացման։
2014թ մայիսին ՄԻԵԴ-ը միանշանակ վճռեց՝ 2013թ փետրվարից բանտարկության մեջ գտնվող Մամմադովի ձերբակալումը անօրինական է։ Դատարանը հայտարարեց, որ Մամմադովը պետք է ազատ արձակվի։
ՄԻԵԴ-ի վճռից հետո ավելի քան երեք տարի է անցել, սակայն նա դեռ գտնվում է անազատության մեջ, չնայած նախարարների կոմիտեի՝ Մամմադովին ազատ արձակելու վերաբերյալ տասնյակ բանաձևերի և գլխավոր քարտուղար Յագլանդի կողմից նախաձեռնված հետաքննությանը։
Անցած շաբաթ կայացրած վճիռը վճռականության ողջունելի դրսևորում է և ես հույս ունեմ, որ կավարտի Բաքվի արհամարհանքը դատարանի նկատմամբ։
Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից հեռացման վերաբերյալ որոշումը երկար գործընթաց է։ Սա Ադրբեջանի ղեկավարությանը վերջին հնարավորություն է ընձեռում ճիշտ քայլ իրականացնել և ազատ արձակել Մամմադովին»,-գրել է վերջինս։
Ֆիլիպ Դամը գրում է, որ Մամմադովի դեպքը միակը չէ և Ադրբեջանի բանտում գտնվում են տասնյակ քննադատներ, իրավապաշտպաններ և լրագրողներ՝ հիշեցնելով լրագրող Մեհման Հուսեյնովի և Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքերը։
«Կառավարության միջազգային գործընկերները, այդ թվում Եվրամիությունը, պետք է հստակեցնեն, որ շարունակական արհամարհանքը դատարանի նկատմամբ և քաղբանտարկյալներին ազատ արձակման հարցում ձախողումը ավելի լուրջ հետևանքներ կունենան»,-գրել է Ֆիլիպ Դամը։