ԵԽ-ում Ադրբեջանի նախկին դեսպան․ «Խավիարային դիվանագիտության» զեկույցից հետո ամեն ինչ շարունակվում է նույն կերպ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում «Վերջին իրադարձությունները Ադրբեջանում» թեմայով, որը կենտրոնացել էր ադրբեջանական լվացքատան բացահայտումների ու ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված Ադրբեջանի վերաբերյալ 2 զեկույցների վրա։
Քննարկմանը ներկա էր նաև 2000-ից 2006թ-ներին Եվրամիությունում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում, իսկ 2007-ից 2012թթ․ներին Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամմադովը։ Մամմադովը, ով աշխատանքից ազատվեց 2015թ․-ին Բաքվի նորակառույց շենքում բռնկված հրդեհի պատճառով Ադրբեջանի իշխանություններին ֆեյսբուքում քննադատելու համար, այժմ ապրում է Բրյուսելում ու նոր քաղաքական շարժում է հիմնել՝ Ադրբեջանից, այսպես ասած, աքսորված ժողովրդավարական ընդդիմության հետ միասին։
Ինչպես ասաց Մամմադովը, «Խավիարային դիվանագիտության» առաջին զեկույցից հետո ամեն ինչ շարունակվում է նույն կերպ։ Անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ու մարդու իրավունքների հարգման վերաբերյալ 2 զեկույցներին՝ նախկին դեսպանն ասաց, որ ցնցվել է, երբ զեկույցում կարդացել է «այսպես կոչված քաղաքական բանտարկյալներ» ու հարց բարձրացրեց․«Արդյո՞ք ՄԻԵԴ վճռից, ԵԽ նախարարների կոմիտեի բազում հայտարարություններից հետո Իլգար Մամմադովն «այսպես կոչված քաղաքական բանտարկյալ է։ Սա ամոթ է ԵԽ-ի ու ԵԽԽՎ-ի համար»»։
Մամմադովն ասաց, որ այն ժամանակ, երբ ինքը խնդիրների առաջ կանգնեց, ԵԽ ոչ մի պաշտոնյա, ովքեր իր նախկին գործընկերներն էին, չէին ցանկանում հանդիպել իր հետ։ Մամմադովը նշեց, որ կազմակերպությունում ոչինչ չի փոխվել ու կարևորեց մեդիայի աշխատանքը՝ կոռուպցիայի բացահայտման գործում, որից հետո միայն «ԵԽ-ն սկսեց տեղից շարժվել, բայց ոչ բարեփոխվել»։
«Մենք տեսնում ենք, որ առկա է խուճապ, բայց չկա ոչ մի գործողություն, և այս 2 զեկույցները, որոնք ներկայացվելու են վեհաժողովում, կազմակերպության ամոթն է, որոնք անգամ վերլուծման արժանի չեն»,-ասաց Արիֆ Մամմադովը։
Քննարկմանը ներկա Յուրի Ձիբլաձեն, ով «Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոնի» նախագահն է, նշեց, որ Ալան Դեստեքսն Ադրբեջանի զեկույցի մեջ դիտավորյալ ներառել է հարցեր, որոնք իր մանդատի մեջ չեն մտնում ու Ադրբեջանում ստեղծված իրավիճակը կապում է «տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից չքավորության դեմ պայքարը կամ կրոնական հանդուրժողականությունը, որը նա գովաբանում է»։
Ձիբլաձեն նշեց, որ այս խնդիրները բարձրացնելով Դեստեքսը կրկնում է այն նույն փաստարկները, որոնք Ադրբեջանի իշխանություններն են օգտագործում՝ երկրում մարդու իրավունքների խախտումներն արդարացնելու համար։
Հիշեցնենք, որ Ալան Դեստեքսն այլևս ԵԽԽՎ անդամ չէ, քանի որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի պատճառով նախընտրեց հրաժարվել ԵԽԽՎ-ից՝ բացատրություններից խուսափելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը․ ԵԽԽՎ-ն կընտրի նոր նախագահ
- ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիստի սկանդալային բացահայտումը․ հրաժարական է տվել զեկուցող Դեստեքսը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում