«ՄԿՈւ հաստատություններն ավարտածների աշխատանքի տեղավորման միջին ցուցանիշը 45-65 տոկոս է»
Այս տարի միջին մասնագիտական հաստատություններ ընդունվել է 7 հազար 374 ուսանող, նախնական մասնագիտական հաստատություններ` 3 հազար 777: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։
«Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ ավելացել է: 2016-2017 ուսումնական տարվա տվյալների համեմատ այս երկու ուղղություններով ընդունելության ցուցանիշը 2000 հազարով ավելին է: Եթե նախորդ տարի մեծ թվով թափուր տեղեր էին մնում, չէին լրացվում, ապա այս տարի ունեինք մասնագիտություններ, որոնց գծով որոշ ուսանողներ նույնիսկ մրցույթից դուրս մնացին»,-նշեց նա։
ԿԳՆ պաշտոնյայի խոսքով, այսպես ասած, շաբլոն մասնագիտություններ են շարունակում մնալ հաշվապահական հաշվառումը, աուդիտը, շուկայաբանությունը, մենեջմենթը, բանկային գործը, ապահովագրական գործը:
«Այս մասնագիտություններով աշխատանքի տեղավորման ցուցանիշը բավական ցածր է: Մենք գնում ենք այն ճանապարհով, որ մասնագիտությունները համապատասխանեցվեն շուկայական պահանջներին: Եվ դա արվի ըստ մարզերի զարգացման առանձնահատկությունների: Ասենք Վայոց Ձորը հայտնի է գինեգործության, տուրիզմի գծով, Սյունիքը` հանքարդյունաբերության, հենց այդ առանձնահատկություններից ելնելով էլ մասնագետներ պատրաստվեն»,-ասաց Արտակ Աղբալյանը:
Նա հավելեց, որ ՄԿՈւ հաստատություններն ավարտած ուսանողների շրջանում աշխատանքի տեղավորման միջին ցուցանիշը 45-65 տոկոս է, սակայն կան մասնագիտություններ, օրինակ, սպասարկման ոլորտում, աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90 տոկոսի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ