Տնտեսական առաջընթաց՝ մարզերում իրականացվող ներդրումային ծրագրերի շնորհիվ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ընթացքի մեջ են Եվրոպական Միության դրամաշնորհի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի մարզերում իրականացվող մարզային զարգացման թվով 7 պիլոտային ծրագրերը: Բացի այդ, ըստ նրա, ընտրության փուլում է գտնվում ՀՀ Շիրակի մարզում իրականացման ենթակա ևս 1 մեկ ծրագիր:
Նշենք, որ յոթ մարզում պիլոտային ծրագրերի իրականացման համար ԵՄ-ն տրամադրել է 10 մլն եվրո, ՀՀ կառավարությունը՝ 1,75 մլն եվրո:
Պիլոտային ծրագրերը, ըստ նրա, իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիա, շրջակա միջավայրի պահպանման (թափոնների կառավարում), գյուղատնտեսության և սննդի վերամշակման, զբոսաշրջության ոլորտներում:
Դավիթ Լոքյանը հայտնեց, որ ծրագրերի իրականացման համար նախատեսվում է ստեղծել շուրջ 500 նոր, կայուն աշխատատեղեր և ընդարձակել մոտ 300 ձեռնարկությունների կարողությունները:
«Գրեթե 2000 մարդ զբաղվածության ավելի լավ հնարավորություն կունենա, ինչպես նաև շուրջ 700 ընկերություններ՝ մեծ մասամբ ՓՄՁ-ներ, կընդլայնեն իրենց գործունեությունը: Բացի այդ, կունենանք կայուն ենթակառուցվածքներ և հմտություններ, ինչը կարող է խթանել հետագա սոցիալական և տնտեսական առաջընթացը մարզերում»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով տարածքային զարգացման փորձարարական ծրագրերին, Դավիթ Լոքյանը նշեց, որ IDEA հիմնադրամը և Դիլիջանի համայնքապետարանը իրականացնում են Դիլիջանի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում Դիլիջան համայնքում ստեղծվում են տուրիզմի տեղեկատվական կենտրոն, գյուղատնտեսական շուկա և տաղավարներ՝ ճանապարհներին, բարելավվում են Դիլիջան ազգային պարկի տուրիստական քայլուղիները, հիմնվում է արհեստների և արվեստների կենտրոն: Ծրագրի ընթացքում, ըստ նրա, 20 ձեռնարկություններ կստանան փոքր դրամաշնորհներ, կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ:
Դավիթ Լոքյանը նշեց նաև, որ «Նոյեմբերյանի համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով մարզի արոտօգտագործողների կոոպերատիվների հետ, հիմնադրում է սառնարանային տնտեսություն, չրերի արտադրամաս, ջերմոցային տնտեսություն, թեյերի արտադրություն, մսամթերքի արտադրություն և կաթի վերամշակման գործարան: Կազմակերպվելու են դասընթացներ, տոնավաճառներ, ուսուցողական այցելություններ մարզի գործարարների և ֆերմերերի համար:
«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի ծրագրով էլ սննդի վերամշակման և տուրիզմի ոլորտներում ստեղծվում են ավելի քան 50 նոր ձեռնարկություններ, 60 նոր աշխատատեղեր, ինչպես նաև Ճամփեզրյա կայան Վանաձորում, որը նպաստելու է տուրիզմի զարգացմանը և տեղական արտադրանքի իրացմանը:
Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում էլ, ըստ Դավիթ Լոքյանի, «Շեն» ՀԿ-ն Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գյուղերում հիմնում է կենսագազի փոքր կայաններ, կաթի սրահներ հեռագնա արոտներում, ձավարաղաց և կտավատի ձեթի արտադրամաս, ջերմոցներ և չորանոցներ:
Կապանի համայնքապետարանն էլ հիմնում է արտադրամաս, որը կենցաղային աղբի դասակարգումից ստացված պլաստիկ թափոններից կարտադրի կղմինդր, եզրաքարեր, սալիկներ, դիտահորերի կափարիչներ և այլն, կստեղծվի ավելի քան 45 աշխատատեղ աղբի հավաքման կայաններում և արտադրամասում:
Դավիթ Լոքյանը նաև հայտնեց, որ Ֆլորենցիայի համալսարանը և Եղեգնաձորի տուրիզմի տարածաշրջանային կենտրոնը Վայոց ձորի մարզում հիմնում են 1000կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, ինչպես նաև նպաստում են տուրիստական ոլորտի ընկերությունների մրցունակության բարձրացմանը: Ծրագրում ընդգրկված է 8 համայնք:
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ էլ նախատեսվում է «Տեխնոլոգիաների խթանում ՀՀ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում վերապատրաստել 200 երիտասարդների ՏՏ ոլորտում, արդեն կառուցված լաբորատորիայում էլ առաջարկում է պրակտիկ խնդիրների լուծման կուրսեր փորձառու մասնագետների ուղեկցությամբ և աշխատանքի տեղավորում՝ առնվազն 60 մասնակցի համար։