ԵԱՏՄ չափումների միասնականության փաստաթղթի կիրառման շուրջ քննարկում՝ Երևանում
Երևանում այսօր տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով սեմինարը, որի նպատակն էր ներկայացնել չափումների միասնականության ապահովման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերի կիրառումը:
Սեմինարը կազմակերպել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում են նոր ստանդարտներ, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից և անդամ երկրները պետք է ապահովեն դրանց կիրարկումը:
Նրա խոսքերով՝ այսօրվա սեմինարի նպատակն է ներկայացնել չափումների միասնականության ապահովման տվյալների փոխադարձ ներկայացման կարգը, չափագիտական վկայագրման մեթոդաբանության կարգը, ինչպես նաև ԵՏՀ-ի կողմից հաստատված փաստաթղթերի կիրառման հետ կապված հարցեր, չափումների միջոցների տեսակի հաստատման և չափումների միասնության ապահովման աշխաանքների փոխադարձ ճանաչման միասնական կարգերը:
Լևոն Խալիկյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ի կողմից ընդունվել են տեխնիկական կանոնակարգերը, որոնց համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ունենալ համապատասխան սերտիֆիկատ, հայերեն մակնշում:
Ըստ նրա՝ այսօր կարող են արձանագրել, որ մի շարք ոլորտներում կա բավականին դրական տեղաշարժ, մասնավորապես, խոսքը վերաբերում է կոսմետիկական միջոցների, խաղալիքների, վառելիքի ոլորտներին, որտեղ բացակայում էին համապատասխան սերտիֆիկատները, հայերեն մակնշումները կամ չափագիտական վկայականները:
«Տեխնիկական կանոնակարգերի ընդունումից հետո տնտեսվարողներին իրազեկել ենք համապատասխան կարգերի մասին: Շատ տնտեսվարողներ բարեխղճորեն վերացրել են թերությունները և աշխատում են օրենքի շրջանակներում, սակայն կան նաև այնպիսիները, որոնց մոտ ստուգման արդյունքում նշանակվել է վարչական տուգանք, տրվել են կարգադրագրեր թերությունները վերացնելու համար»,- ասաց Լևոն Խալիկյանը: