Նաիրա Զոհրաբյան. Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը
ԵԽԽՎ լիագումար նիստը այսօր քննարկել է կանոնադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա կանխարգելել լոբբիստների և կոռուպմացված պատգամավորների գործունեությունը։
Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ է արել ԵԽԽՎ-ից վտարել Ադրբեջանի բոլոր եվրոպացի լոբբիստներին, նշելով, որ նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը։ Զոհրաբյանն առաջարկել է նաև բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ և որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղարկել և նշանակել նոր զեկուցողներ։
«Ես ցավում եմ, որ մենք ստիպված ենք ժողովրդավարության այս ամբիոնում քննարկել կոռուպցիայի, կոռումպացված լոբբիստների և բարոյականության ու էթիկայի հետ լրջուգույն խնդիրներ ունեցողների ձեռքը օրենքով բռնելու հարցը, սակայն սա է իրականությունն ու համաեվրոպական վերջին կոռուպցիոն սկանդալը՝ 3 միլիարդ դոլարի սև լվացքի, դրա ուղղակի ապացույցն է»,-հայտարարել է Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, որ Վեհաժողովում խստագույնս պետք է կանոնակարգվի նաև, այսպես կոչված, «ազատ ստեղծագործողի» կարգավիճակ ունեցող լոբբիստների աշխատանքը, ովքեր որոշակի կարգավիճակ ստանալով Վեհաժողովում, լծվում են Եվրոպայի Խորհրդի փտախտ հանդիսացող վարչակարգերի լոբբինգին, աշխատելով ընդդեմ ժողովրդավարության և մարդու իրավունքների։
«Նմանօրինակ վարձկան-լեգիոներներ, ԵԽԽՎ նախկին պատգամավորներ, այսօր հայտնի սկանդալային լվացքի և խավիարային դիվանագիտության ակտիվ դերակատարներից են, և նրանց մուտքը Վեհաժողով պետք է արգելվի: Հարցի արժեքը շատ բարձր է. մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը վերածվի շուկայի, որտեղ ամեն ինչ հնարավոր է գնել ու վաճառել»,-ասել է Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մելքումյան. Ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ
- Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ում հաջողվեց փոփոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները