Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը վերսկսել է բնականոն աշխատանքը
Այսօր առավոտյան Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո: Հայտարարում են բանկից ու ավելացնում, որ դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է:
«Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և չճշտված տվյալների հրապարակումից: Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու և իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար»,-ասված է բանկի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի կառավարչի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ մասնաճյուղում պայթյուն իրականացնելու սպառնալիքով, վերջինիցս պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- «Կոնվերս» բանկը թալանած անձը պայմանավորվել էր կառավարչի հետ. ՀԺ
- Քննչական կոմիտե. Կոնվերս բանկից մոտ 96 մլն դրամ են հափշտակել