Մոնոպոլ նկրտումները և օլիգոպոլ ցանկությունները Հայաստանում գերակայում են. Վարդան Բոստանջյան
«Ռուսաստանի գործոնը էական ազդեցություն ունի Հայաստան-Իրան կապերի վրա: Իրանը մեծ ցանկություն ունի Հայաստանի հետ գտնվել արդյունավետ հարաբերությունների մեջ: Հայաստանը, որպես գործընկեր, անվտանգության, հյուսիսի պաշտպանվածության առումով ցանկալի է Իրանի համար: Սակայն գտնվելով ռուսական ազդեցության գոտում Հայաստանը մեծ հնարավորություններ չունի Իրանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը՝ պատգամավորը նշեց՝ Ռուսաստանը միշտ էլ խոշոր, ազդեցության շրջանակներ ունեցող երկիր է եղել:
«Հայաստանն ու Ադրբեջանը միշտ եղել են այդ շրջանակներում: Եվ բնական է, որ բացի Հայաստանից՝ Ռուսաստանը կցանկանա սերտ հարաբերություններ ունենալ հարուստ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանի հետ: Կան շահեր և քաղաքականության մեջ շահերի պարագայում, ես բնականոն եմ համարում ՌԴ նման մոտեցումը»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներին՝ տնտեսագետ պատգամավորը նկատեց՝ երևույթն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ. «Մոնոպոլ նկրտումները և օլիգոպոլ ցանկությունները Հայաստանում գերակայում են, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, ինչպես օրինակ՝ ապրանքների գների բարձրացման: Տնտեսվարողները մշտապես շահ են հետապնդում: Մենք կոլլապսային վիճակում հայտնված մի երկիր ենք»։
Նաև հավելեց, որ Հայաստանւմ լուրջ խնդիր է ստվերային տնտեսությունը:
Ինչ վերաբերում է 2018-ի պետական բյուջեի նախագծին, ապա Վարդան Բոստանջյանի խոսքով, այն նախորդ տարիների նման բյուջե է. «Մենք դեռևս չենք կարողացել ձեռնամուխ լինել ծրագրային բնույթի բյուջետավորման: Սոցիալական ծախսերը չափազանց մեծ են: Բյուջեի մեծամասնությունը գտնվում են կենսաթոշակների, առողջապահության, կրթության ոլորտներում:
Ասուլիսի ավարտին Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նաև պետական պարտքի թեմային՝ նկատելով, որ այն շատ շուտով կարող է հատել վտանգավոր շեմը: Այս պարագայում խնդիր է, թե որքան արդյունավետ այդ միջոցները կօգտագործվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին