«Տեսակետների հարթակը» հերքել է Շիրինօղլուի հայտարարությունը
Թուրքիայի հայ համայնքում պատրիարքական ընտրությունների անցակցման ջատագով «Տեսակետների հարթակը» (“Düşünce Platformu) հերքել է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ վերջինս հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Իսկ պատճառն էլ, ըստ Շիրինօղլուի, Բեքչյանի` 2016թ գերմանական թերթին տված հարցազրույցն է եղել, որը տեղադրվել էր նաև «Տեսակետների հարթակի» կայքում:
Հերքող հայտարարության մեջ նշվում է, որ «Տեսակետների հարթակը» հասարակական շարժում է, որը, հանրության համար բաց ժողովներ հրավիրելով, առկա խնդիրների վերաբերյալ փաստեր է հավաքում և դրանց հիման վրա լուծումներ առաջարկում համայնքի պատկան կառույցներին:
«Մեր աշխատանքների ընթացքում մտքերի փոխանակում ամենաշատը արել ենք հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ, որը վերջին հարցազրույցի ժամանակ հարթակի անունը կապել է մի հարցազրույցի հետ, որը դուրս է մեր հետաքրքրությունների շրջանակից»:
Նշվում է, որ հարթակի էջի համակարգողները վստահաբար այդպիսի հարցազրույցի հրապարակմանը հավանություն չեն տվել:
«Սա ակնհայտ փաստ է, որը հնարավոր է ապացուցել»- նշվել է հայտարարության մեջ: