Առնվազն 1 կամ 2 խոշոր ՔԿՀ կառուցելու կարիք կունենանք. Սուրեն Քրմոյան
Քրեակատարողական համակարգում բարեփոխումների իրականացման նպատակով արդարադատության նախարարությունը մշակել է 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը, որը դրված է նախարարության կայքում հանրային քննարկման համար:
«Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով քննարկմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ կարևոր ռազմավարական փաստաթուղթ է:
«Քրեակատարողական համակարգում մենք ծառացած խնդիրներ ունենք, որոնք եկել են տարիներ ի վեր, լուծումները պահանջում են ոչ միայն քաղաքական կամք, օրենսդրական փոփոխություններ, նաև լուրջ ֆինանսական ներդումներ: Այդ իսկ պատճառով հանձնարարվել է, որ մշակենք մեր տեսլականը հաջորդ 20 տարվա համար, որտեղ կլինեն կարճաժամկետ, երկարաժամկետ լուծումներ»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով, նոր ռազմավարությունը հիմնական գլոբալ գարափարախոսություն է որդեգրել:
«Քրեակատարողական համակարգը քրեական պատիժների իրականացման համակարգն է, այն բարեփոխելիս որպես հիմք պետք է ընդունենք պատժի նպատակները: Մենք մի սկզբունք ենք ամրագրել՝ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ապահովի պատժի նպատակների իրականացումը: Եթե խոսում ենք պատժի նպատակների մասին, նաև պետք է ապահովել ինստիտուցիոնալ, պատշաճ համակարգ, որպեսզի այդ պատիժն իրականացվի: Մենք ունենք քրեակատարողական հիմնարկների համակարգ, որը պլանավորում ենք օպտիմալացնել և արդիականացնել»,- ասաց Ս. Քրմոյանը:
Խոսելով դատապարտյալների պահման պայմանների մասին, նա նշեց, որ Հայաստանում գործում են նախորդ դարում կառուցված ՔԿՀ-ներ, որոնց պայմանները, մեղմ ասած, շատ դժվար է օպտիմալ տարբերակի բերել. «Նախատեսվում է թե գործող կառույցների վերակառուցում, թե նորերի կառուցման ապահովում: «Արմավիր» ՔԿՀ-ն արդեն 1200 անձի համար պահման պայմանների խնդիր լուծել է, դա մեր կարիքների շուրջ 20-30 տոկոսն է, առնվազն 1 կամ 2 խոշոր հիմնարկներ կառուցելու կարիք կունենանք»:
Սուրեն Քրմոյանը կարևորեց վերասոցիալականացման բաղադրիչը, որպեսզի կանխվեն կրկնահանցագործությունները, անձին պատրաստեն համապատասխան միջավայրում իրեն դրսևորելուն:
«Մենք դատապարտյալին միայն պատժելու կամ սոցիալական արդարությունը վերականգնելու համար չենք տեղափոխում քրեակատարողական հիմնարկ: Մենք պետք է պատրաստենք, որ այդ անձը վերադառնալով հասարակություն՝ վտանգ չներկայացնի, պատրաստ լինի որպես հասարակության լիարժեք անդամ այնտեղ գտնվել: Ըստ այդմ՝ զբաղվածությունը, աշխատատեղերի ստեղծումն է շատ կարևորվել»,- ասաց փոխնախարարը:
Նա նաև նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու խոցելի խմբերին՝ անչափահաս, կանանց, հաշմանդամներ, հատուկ միջոցառումներ են արվելու այդ ուղղությամբ:
«Կարևոր բաղադրիչներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է ՔԿՀ-ում, թե կանխարգելիչ, թե համապատասխան իրավապահ գործողություններ են նախատեսված»,- հավելեց Սուրեն Քրմոյանը: