Շարմազանովն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ
Հաջորդ տարի լրանում է հայազգի մեծանուն զորավար և պետական գործիչ, բարենորոգիչ, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուս-թուրքական պատերազմի հերոս Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցը: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ հանդիպմանն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել ականավոր հայորդու մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայության դերը Սանկտ Պետերբուրգի զարգացման գործում՝ նշելով, որ հայերը քաղաքի հիմնադրման օրվանից եղել են նրա հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի անբաժանելի մասը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Դեռևս 1710 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմավորվել է հայկական համայնք, իսկ 18-րդ դարի երկրորդ կեսից Պետերբուրգում գործող Սուրբ Կատարինե եկեղեցին հայապահպանության և ազգային արժեքների փոխանցման կարևոր օջախներից է»:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լենինգրադի շրջափակման օրերին հազարավոր հայեր հերոսաբար պաշտպանել են քաղաքը ֆաշիզմից: «Լենինգրադի երկինքը ֆաշիզմի դեմ պայքարում պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, իսկ Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին»,-ասել է պարոն Շարմազանովը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ընդլայնումը, համատեղ ծրագրերի իրականացումը: