Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 2018 թ-ի պետական բյուջեն զուսպ և իրատեսական է համարում
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը մինչև հոկտեմբերի վերջ կներկայացվի խորհրդարան: Գործադիրը հաջորդ տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի ցուցանիշը՝ կանխատեսելով 4.5 տոկոս աճ: Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի ավելացնել նաև եկամուտները, ծախսերը, անգամ դեֆիցիտը:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, իրատեսական ու զուսպ է բնութագրում: «Իրատեսական, բայց միևնույն ժամանակ լարված աշխատանք պահանջող բյուջե է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ բյուջեի նախագիծը նախ ծախսային մասով միտված է զարգացման որոշակի խնդիրների լուծմանը, իսկ սոցիալական ծախսերի մասով՝ պահպանողական բյուջե է:
«Կարող ենք ասել, որ սոցիալական ծախսերի մասով 2016թ-ի բյուջեի կրկնությունն է կամ շարունակությունը, քանի որ այս տարի էլ նախատեսված չէր աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բարձրացում: Նույնը շարունակվելու է նաև 2018 թ-ին»,- նշեց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ նախատեսվում է նաև որոշակի կապիտալ ծախսերի ավելացում:
Ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա այն բերվելու է կայունության տիրույթ. նախատեսված է 156 մլրդ դրամի դեֆիցիտ, ինչը կազմելու է ՀՆԱ-ի 2,8 տոկոսը: «Այսինքն՝ կարելի է ասել, որ նաև կայունացման բյուջե է, որը հարկաբյուջետային կոնսոլիդացիայի սկզբունքի վրա է կառուցված՝ ծախսերի սուղ քաղաքականություն և եկամտային լծակի չեզոք քաղաքականություն, որը բխում է նաև որոշակի ռիսկերից»,- նշեց Ատոմ Մարգարյանը:
Հիմնական ռիսկերից մեկը պետական պարտքի ավելացումն է, որը, ըստ տնտեսագետի, մոտեցել է ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանին, իսկ դա նշանակում է դեֆիցիտը պետք է 3 տոկոսից քիչ լինի, ինչն էլ բյուջեի նախագծում արտացոլված է: «Սա նշանակում է, որ 2018թ-ին բավականին լարված է լինելու, և կառավարությունը պետք է մեծ ջանքեր գործադրի, իսկ այդ ջանքերը կապված են տնտեսական աճի ավելի բարձր նշաձողի հետ: Այս տարվա բյուջեով ծրագրավորված է 3.2 տոկոս ՀՆԱ-ի աճ, հաջորդ տարի՝ 4,5 տոկոս: Բավականին լարված ցուցանիշ է, եթե հաշվի առնենք նախորդ տարիների միտումը՝ հատկապես, որ 2016 թ-ը եզրափակվեց ընդամենը 0,2 տոկոս տնտեսական աճով»,- նշեց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ տնտեսական աճի կանխատեսման տեսանկյունից հաջորդ տարվա բյուջեն հնարավոր կլինի իրականացնել՝ հաշվի առնելով նաև այն քայլերը, որոնք արվում են տնտեսության մեջ ստվերը կրճատելու համար. «Այս տարի մոտ 10 տոկոսով ավելացել են հարկային եկամուտները՝ հիմնականում ստվերի և ընդգծված արդյունաբերական քաղաքականության ջանքերի շնորհիվ: Իսկ այդ հավելաճի հիմնական մասն ուղղվելու է կապիտալ շինարարությանը, կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, մյուս մասը՝ պաշտպանությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. Կարող ենք ասել, որ 2018-ին հասարակության կյանքում որևէ դրական փոփոխություն չի սպասվում
- Կառավարությունը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին