Մարուքյանը ԵԽԽՎ-ում մտահոգություն է հայտնել ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ
«Ես ցանկանում եմ խորը մտահոգություն հայտնել ազատական ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ, որտեղ իրավունքի գերակայությունը կորցնում է իր հիմնարար իմաստը»,-ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ աճող պոպուլիստական ուժերը փորձում են օրենքի մեջ ներդնել անորոշ ձևակերպումներ, ինչը հետագայում թույլ կտա նրանց գործել ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների՝ միևնույն ժամանակ «գործելով օրենքի շրջանակներում» և այդ կերպ փորձելով ստիպել մեզ շեղվել մեր սկզբունքներից:
«Իրավունքի գերակայության ստուգաթերթն այսպիսի հանգամանքներում կիրառելու դեպքում, թերևս տեղիք չէր տրվի թյուրընկալումների համար և վնաս չէր հասցվի ժողովրդավարությանը: Ստուգաթերթը պետք է պարտադիր փաստաթուղթ դառնա բոլոր անդամ պետությունների և մյուս երկրների համար, որոնք փորձում են հասնել այդ արժեքների ներդրմանը՝ դառնալով հենակետ բոլորի համար: Այսպիսով, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին՝ ցույց տալով մեր իրական և համապարփակ ինքնությունը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ»,-նշել է Մարուքյանը:
Նա «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցության անունից կոչ է արել Եվրոպայի Խորհրդի բոլոր հաստատություններին օգտագործել այս ստուգաթերթը որպես մոնիտորինգի գործիք և պայքարել այն արժեքների համար, որոնց վրա է խարսխված այս հեղինակավոր հաստատությունը՝ շարունակելով օրինակ ծառայել ժողովրդավարացման ճանապարհին գտնվող բոլոր պետությունների համար։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մելքումյան. Ադրբեջանի պատվիրակությանը պետք է զրկել ձայնի իրավունքից
- Նաիրա Զոհրաբյան. Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը
- Միքայել Մելքումյան. Ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ
- Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ում հաջողվեց փոփոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծի հակահայկական ձևակերպումները
- Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պարզել, թե ինչպե՞ս է Հունգարիան 7.6 միլիոն դոլարի դիմաց Բաքվին վաճառել մարդասպանին