2017-ի ընթացքում ինքնազբաղվածներին տրվող հարկային արտոնությունից օգտվել է 1600 անձ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ 2017 թվականի ընթացքում հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը, ՀՀ կառավարության ծրագրին համապատասխան՝ հատուկ ուշադրություն է հատկացվել միկրոձեռնարկատիրության ոլորտին:
Նրա խոսքերով՝ հարկային ապառքներ կուտակած հարկ վճարողներին աջակցելու նպատակով ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, իսկ փաստացի գործունեություն չիրականացնող, գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն է ընձեռվել:
Մեկ այլ նախաձեռնությամբ էլ ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից: Արման Պողոսյանի խոսքերով՝ 2017-ի ընթացքում շուրջ 1600 ինքնազբաղված անձ օգտվել է հարկային արտոնությունից: Նշենք, որ ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն, մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն:
Արման Պողոսյանը նշեց, որ տնտեսության ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով ՊԵԿ նախաձեռնությամբ մշակվել և արդեն իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ԱԱՀ վճարողների կողմից մեքենաների, սարքավորումների (բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող) և հումքային ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, ինչն, ըստ Արման Պողոսյանի, բիզնեսին ներդրումների արագ հետգնման ու շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն կընձեռի: