Հովհաննես Իգիթյան. Լավ է, որ գաղտնիության շղարշը բացվեց
Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախագիծը հրապարակվել է հասարակական լսումների կամ քննարկումների համար:
«Երևի թե այն հրապարակվեց նաև, որպեսզի առկա մտավախությունները և այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանում, փարատվեն»,-կարծիք հայտնեց բանախոսը, ով այսօր մասնկցում էր «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկմանը:
Նա նշեց, որ համաձայնագրի բովանդակության մասին տարբեր բաներ է կարդացել, բայց քանի որ հրապարակված չէր փաստաթուղթը, որևէ բան ասել չէր կարող:
«Լավ է, որ հասարակությունը գոնե տեսնում է, թե ինչի մասին է համաձայնագիրը: Լավ է, որ գաղտնիության շղարշը բացվեց»,-ասաց նա:
Քննարկմանը մասնակցող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ համաձայնագրի նախագծի հրապարակումը նաև պայմանավորված է հայ հասարակության պահանջով:
«Նաև աշխատեց այն գործոնը, որ հրապարակում ես ու դրանով այլ խաղացողների ցույց ես տալիս, որ սա է փաստաթուղթը, եթե ունեք ասելիք, ասեք էսօր»,-ասաց Գրիգորյանը: